Շրջակա միջավայրի նախարարության արձագանքը՝ 105 հասարակական կազմակերպությունների պահանջին

Շրջակա միջավայրի նախարարության արձագանքը՝ 105 հասարակական կազմակերպությունների պահանջին

Հայաստանյան քաղհասարակության 105 կազմակերպություններ վերջերս հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ՝ պահանջելով շրջանառությունից հանել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից առաջարկվող ընդերքօգտագործման և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) ոլորտներին առնչվող օրենսդրական փոփոխությունների փաթեթը: Ըստ ՔՀԿ-ների՝ նախագիծը վտանգում է տեղական ժողովրդավարությունը՝ սահմանելով, որ համայնքի ավագանու նախնական անհամաձայնությունն այլևս չի խոչընդոտելու հանքարդյունաբերական փաստաթղթերի փաթեթի ընդունմանը։

Նույն հայտարարության հիմքով դիմում-նամակ էր ուղարկվել պետական լիազոր մարմիններին: Ի պատասխան 2026 թվականի նոյեմբերի 5-ին ներկայացված դիմումի՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը պաշտոնական գրությամբ արձագանքել է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանին։

Նախարարության գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Արման Ավետիսյանի ստորագրությամբ ուղարկված նամակում նշվում է, որ քաղհասարակության դիմումի 1-ին և 2-րդ կետերը, որոնք վերաբերում են խնդրահարույց նախագծերի փաթեթը շրջանառությունից հանելուն և լիազոր մարմնում ենթադրյալ կողմնակալության հիմքերն ուսումնասիրելուն, տրամադրվել են իրավասու մարմնին՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը:
Դիմումի 3-րդ կետի առնչությամբ (այն է՝ հանրության մասնակցությունն ընդլայնող և ամրապնդող ՇՄԱԳ նոր փոփոխություններ մշակել) Շրջակա միջավայրի նախարարությունը հայտնում է, որ նախատեսվում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի վերանայում: Օրենքի վերանայման քննարկումներին, օրենքով սահմանված կարգով, կներգրավվեն բոլոր շահագրգիռ կողմերը, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:

Սպասվում է, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը լրացուցիչ կարձագանքի իրեն վերահասցեագրված հիմնական պահանջներին:

Նոյեմբեր 13, 2026 at 17:37

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *