
«Ես տեսնում եմ՝ հանրային քննարկում կա, որ ԵՄ անդամակցության դրույթը նաև Սահմանադրության մաս կազմի, ինչը շատ վտանգավոր եմ համարում։ Ես այս կարծիքը նոր չէ, որ հայտնում եմ։ Իմ գործընկերները տեղյակ են եղել, որ այսպիսի դիրքորոշում ունեմ»,- «ՍիվիլՆեթ»-ի հետ հարցազրույցում նշեց Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով օրերս հրապարակած իր հոդվածում արատահայտած դիրքորոշմանը։
Հարցին, թե ինչու է հիմա՝ պաշտոնանկությունից հետո հրապարակայնորեն դեմ արտահատվում իշխանության արտաքին քաղաքականությանը և զգուշացնում ԵՄ անդամակցությանը միտված՝ ՀՀ կառավարության քայլերի վտանգների մասին, Գրիգորյանը պնդեց, որ այդ քաղաքականության վտանգների մասին դեռևս պաշտոնավարման ընթացքում՝ քննարկումների ժամանակ զգուշացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարության մյուս անդամներին։ «Բայց միայն քննարկումները չեն, ես նաև թղթի տեսքով եմ շարունակել դա և փորձել եմ համոզել, վերլուծություն եմ ներկայացրել։ Ես նաև զարմացել եմ, որ ընդդիմադիրները տեղյակ չեն եղել իմ այս դիրքորոշման մասին, որովհետև ես ավելի լայն շրջանակներում էլ եմ դա ներկայացրել»,- հավելեց նա։
Պատասխանելով հարցին, թե իսկ ինչո՞ւ այդ տարաձայնությունների պատճառով հրաժարական չի տվել, Գրիգորյանը նշեց․ «Որպես Հայաստանի անվտանգության համար պատասխանատու պաշտոնյա՝ ես որոշում եմ կայացրել, որ պետք է մնամ, ես միշտ մտածել եմ, որ սա պրոցես է, և այդ պրոցեսում դու պարբերաբար պետք է շարունակես համոզել։ Հիմա՝ այս կարգավիճակում էլ ես փորձում եմ համոզել կրկին»։
Գրիգորյանը հավելեց, որ տեղյակ չէ, թե արդյոք իր պաշտոնանկությունն առնչություն ունի իր այդ տարաձայնության հետ, թե ոչ։ Նա նաև ընդգծեց, որ եթե շարունակեր պաշտոնավարումը, ապա կշարունակեր համոզել․ «Կան մարդիկ, որ մտածում են՝ լավագույն տարբերակը շրխակցնել, հեռանալն է, բայց պաշտոնյան ունի նաև պարտավորություններ և պատասխանատվություն․․․ Գնալն ամենահեշտ տարբերակն է, բայց ես փորձել եմ համոզել և կշարունակեի համոզել, որ այս ճանապարհով չգնանք»։