«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ նոր քրեական վարույթով ձևավորված քննչական խումբը բաղկացած է 91 քննիչից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Սամվել Կարապետյանի պաշտպանական խմբի անդամ Ռուբեն Հակոբյանը՝ նշելով, որ Կարապետյանին կալանավորելու որոշումը ստացել են երեկ։
«Դատական ակտը երեկ ենք ստացել: Երբ որ դատական ակտով քննիչի միջնորդությունը բավարարվել է, նշանակում է՝ դատարանը հաստատված է համարել, որ առկա է հիմնավոր կասկած: Ընդ որում, նաև հաստատել է ձերբակալման իրավաչափությունը, որը պաշտպանության կողմը վիճարկում էր և քննիչի միջնորդած երեք հիմքերից՝ խափանման միջոց կիրառման, գտել է, որ առավել հիմնավոր է խոչընդոտելու ռիսկը՝ քննության տվյալ փուլի դրությամբ»,– ասել է փաստաբանը։
Նա նաև նշել է.
«Չի կարող անձը գտնվել տնային կալանքի տակ և նրա նկատմամբ առանց այդ խափանման միջոցի փոփոխման կամ վերացման ևս մեկ խափանման միջոց կիրառվել: Հետևաբար սա աբսուրդային իրավիճակ է։ Ստացվում է՝ այս պահին Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված է երկու կալանք խափանման միջոցներ, որովհետև տնային կալանքը և կալանքը, ներպետական օրենսդրությամբ ու Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն, նույնական են: Հետևաբար ստացվում է՝ Սամվել Կարապետյանի նկատմամբ այս պահին կիրառված է և՛ տնային կալանք և՛ կալանք խափանման միջոց»։
Փաստաբանը նկատել է, որ քննիչները պատճառաբանում էին, թե այլ տարբերակ չկար, և «հարմարեցրել» են։ Սակայն, նրա խոսքով, եթե անձն ազատության մեջ չէ, ապա նրան չեն կարող ձերբակալել։ Դա բարդ իրավաբանություն չէ, բայց Սամվել Կարապետյանի դեպքում գործում է «հատուկ քրեական դատավարություն», որի մասին իրենք՝ փաստաբանները, տեղյակ չեն։
Հակոբյանը հայտնել է, որ պաշտպանները պատրաստվում են բողոքարկել դատական ակտը՝ նշելով, որ այն ակնհայտ անհիմն և ապօրինի է։
Փաստաբանը մանրամասնել է, որ Հայաստանում նմանատիպ դեպք է եղել նաև 2023 թվականին։
Քննչական մարմինները Հակակոռուպցիոն դատարան են ներկայացրել նմանատիպ միջնորդություն, երբ տնային կալանքի տակ գտնվող մեղադրյալին ձերբակալել են և որպես ազատության մեջ գտնվող անձի՝ ներկայացրել դատարան։ Հակակոռուպցիոն դատարանը, քննելով միջնորդությունը, գտել է, որ նման ընթացակարգ գոյություն չունի, մերժել է քննիչի միջնորդությունը և անհապաղ ազատ արձակել անձին։
«Դատախազությունը տվյալ գործով ներկայացրել է հատուկ վերանայման վերաքննիչ բողոք, արդեն 2024 թվականին Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը, քննելով դատախազության միջնորդությունը, գտել է, որ առաջին ատյանի հակակոռուպցիոն դատարանը իրավաչափ է գտնվել և չի կարող անձի նկատմամբ միաժամանակ լինել և՛ տնային կալանք, և՛ կալանք, և տնային կալանքի տակ գտնվող անձը չի կարող համարվել ազատության մեջ գտնվող անձ և ձերբակալվել»,– նշել է պաշտպանը։