ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության հետևանքով գազամշակման ձեռնարկություններին հասցված հարվածների ֆոնին Իրանի իշխանությունները բնակչությանը կոչ են անում խնայողաբար օգտագործել գազը։ Այս մասին հայտարարել է երկրի նավթի նախարարի պաշտոնակատար Համիդ Բովարդը։
«Գործընկերների ջանքերով գազամատակարարումը շարունակվում է անխափան կերպով, սակայն խնդրում եմ բնակչությանը ցուրտ օրերին խնայողաբար օգտագործել գազը»,- գրել է նա X սոցիալական ցանցում։
Նա նշել է, որ այցելել է Իրանի հարավում գտնվող Ասալույեի արդյունաբերական գոտի, որը ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության ժամանակ հարվածների է ենթարկվել։ Նա ծանոթացել է գազամշակման ձեռնարկությունների վերականգնման աշխատանքներին, ինչպես նաև այցելել է «Հարավային Փարս» հանքավայր, որտեղ վերջերս հրդեհ էր բռնկվել։
Սա բնակչությանը գազը խնայողաբար օգտագործելու առաջին կոչը չէ, սակայն ձմռան մոտենալուն զուգահեռ նման կոչերն ավելի հաճախակի են դարձել։