Ընդունված է համարել, որ պատերազմը քայքայում է գլոբալացումը կամ հետ շրջում այն։ Սակայն պատմությունն ավելի բարդ պատկեր է ցույց տալիս. հինգ դար շարունակ հակամարտությունները ոչ այնքան կանգնեցրել, որքան խորացրել ու բազմազանեցրել են համաշխարհային կապերը։ Դրա մասին ասվում է War & Society գիտական հանդեսում հրապարակված հետազոտության մեջ։
Մելբուռնի համալսարանի ավստրալացի պատմաբանների կարծիքով՝ գլոբալացումը ոչ «լավ» է, ոչ էլ «վատ», այլ աշխարհի փոխկապակցվածության աճի երկարաժամկետ գործընթաց, որը դուրս է գալիս տնտեսության սահմաններից՝ ընդգրկելով քաղաքականությունը, հասարակությունն ու մշակույթը։ Պատերազմը միշտ ստիպում է մարդկանց՝ զինվորներին ու խաղաղ բնակիչներին, տեղաշարժվել, հաճախ՝ մեծ հեռավորություններով, և այդ տեղաշարժը խթանում է ռազմական գլոբալացումը։
Դեռևս վաղ նոր ժամանակաշրջանում գաղութային կայսրություններ կառուցող պետությունները փորձառու մարտիկներ էին փնտրում. XVI դարի վերջին Ճապոնիայում քաղաքացիական պատերազմներում պարտվելուց հետո որոշ սամուրայներ փախան արտերկիր, իսկ պորտուգալական ու իսպանական իշխանությունները նրանց վարձում էին ծառայության՝ ընդհուպ մինչև Ֆիլիպիններ և Կամբոջա։ Ասիայում եվրոպացի վարձկանները հաստատվում էին տեղում՝ ձևավորելով խառը մշակույթ ունեցող հասարակություններ, իսկ XIX–XX դարերի պատերազմներում արևմտյան կայսրություններն իրենց բանակներ էին հավաքագրում գաղութների բնիկ բնակիչներին։
Պատերազմի հետևանքով տեղահանված խաղաղ բնակիչները նույնպես խորացնում էին երկրների միջև կապերը. 1600-ականների սկզբին Սեֆյան տիրակալը բռնի տեղահանեց հազարավոր հայերի, որոնք հետագայում ստեղծեցին Միջերկրական ծովից մինչև Ֆիլիպիններ ձգվող առևտրային ցանց։ ԱՄՆ քաղաքացիական պատերազմի տարիներին երկրում հաստատվեցին հազարավոր չինացի բանվորներ, որոնցից շատերը փախել էին Թայպինների ապստամբությունից։ Հոլոքոստը հրեական համայնքները սփռեց Եվրոպայով ու աշխարհով մեկ՝ վերաձևելով էթնիկական աշխարհագրությունը, իսկ Սոմալիի քաղաքացիական պատերազմը սոմալիական մեծ սփյուռք ձևավորեց։
Զենքն ու ռազմական տեխնոլոգիաները նույնպես նպաստում էին գլոբալացմանը։ Վաղ նոր ժամանակաշրջանում զենքն ու ռազմավարական նյութերը, օրինակ՝ սելիտրան և վառոդը, ամբողջ աշխարհում վաճառվում էին որպես սովորական ապրանք, և դրանց հետ տարածվում էին նաև տեխնիկական գիտելիքները։ Նոր ժամանակաշրջանում զենքը ձևավորեց ավելի փոխկապակցված աշխարհ՝ Մոզամբիկի դրոշին պատկերված Կալաշնիկովի ինքնաձիգից մինչև միջուկային հրթիռներ, իսկ միջուկային պատերազմի սպառնալիքը մարդկանց մեջ միևնույն խոցելի մոլորակի վրա ապրելու ընդհանուր զգացողություն ձևավորեց։ Ռազմական բազմաթիվ նորարարություններ հետագայում խաղաղ կիրառություն էին գտնում. երկաթուղիները, հեռագիրն ու ռադիոն կիրառվում էին ռազմական նպատակներով, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ռմբակոծիչների տեխնոլոգիաներն օգնեցին սկիզբ դնել քաղաքացիական ավիափոխադրումների դարաշրջանին։
Պատերազմները փոխում էին նաև աշխարհագրությունը. վաղ նոր ժամանակաշրջանում արտերկրում տեղակայված բրիտանական ու ֆրանսիական կայազորները, իսկ Սառը պատերազմի տարիներին՝ ամերիկյան ռազմակայանների ցանցը, դառնում էին հաղորդակցության և մշակութային փոխանակման կենտրոններ։ Մարդկությունն ապրում է մեկ մոլորակի վրա, և այդ փաստը խթանում է գլոբալացումը. որպես սոցիալական էակներ՝ մենք անխուսափելիորեն փոխգործակցում ենք ամբողջ աշխարհում՝ խաղաղ միջոցներով կամ պատերազմի միջոցով, և ընտրությունը մերն է։