
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանը Կամբոջա մեկնելու ճանապարհին Նյու Դելիում կարճատեւ կանգառ է կատարել, որի ընթացքում օդանավակայանում հանդիպել է Հնդկաստանի արտգործնախարար Ջայշանկարին։
Հայ–հնդկական հարաբերությունը վերջին տարիներին իհարկե ստացել է առավել ինտենսիվ բնույթ։ Միեւնույն ժամանակ, օդանավակայանում այդպիսի դադարը, թերեւս, բոլորովին ընթացիկ չէ։ Ըստ ամենայնի, կա ավելի կոնկրետ քննարկման հարց։ Եվ այստեղ, թերեւս, կարեւոր է նկատել, որ Հնդկաստանի ԱԳ նախարարը մի քանի շաբաթ առաջ, ավելի կոնկրետ՝ հոկտեմբերի 23–ին այցելել էր Բաքու, այնտեղ հանդիպելով Ադրբեջանի քաղաքական ղեկավարության հետ։
Նիկոլ Փաշինյանն էլ օրերս Դուբլինում հանդիպեց Իլհամ Ալիեւի հետ։ Կարո՞ղ է արդյոք այստեղ լինել որեւէ ընդհանուր քննարկման թեմա։ Միանգամայն։
Ավելին, հարկ է նկատել, թերեւս, որ Հնդկաստանը առաջնորդող դեր ունի այսպես կոչված Չմիավորվածների շարժման համատեքստում, իսկ Ադրբեջանն էլ փողի բերումով իր դերը բարձրացրել է այդ կազմակերպությունում վերջին տարիներին։ Կարո՞ղ է Երեւանը քննարկել այստեղ «անդամակցություն», այդպիսով «զարգացնելով» ՀԱՊԿ–ի թեման եւ կայացնելով դուրս գալու որոշում։ Համենայն դեպս սա կարող է լինել հնարավոր թեմա, թեեւ իհարկե ամենեւին ոչ միակը եւ առավել արդիականը, նկատի ունենալով, որ առավել արդիականն այսօր ռեգիոնալ երթուղիների թեման է»։