«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը երկրի նախագահի թեկնածու կառաջադրի ֆուտբոլի աստղային հավաքականի նախկին խաղացող Թոմաս Բերտոլդին

Աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար» (ԱԳհ) կուսակցությունը մտադիր է Գերմանիայի նախագահի թեկնածու առաջադրել Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Թոմաս Բերտոլդին, հայտնել է Der Spiegel-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Թեկնածությունը պաշտոնապես պետք է քննարկվի և հաստատվի շաբաթ օրը՝ ԱԳհ դաշնային վարչության խորհրդաժողովում՝ երկրամասային կառույցների ղեկավարների մասնակցությամբ։ Ավելի վաղ կուսակցությունում հայտնել էին, որ մտադիր են այդ պաշտոնի համար առաջարկել «ժողովրդի միջից ելած մարդու»։

Միևնույն ժամանակ, Բերտոլդի հաղթելու հնարավորությունները ցածր են գնահատվում։ Սպասվում է, որ հունվարի 30-ին Դաշնային ժողովի նիստում ձայների մեծամասնությունը կստանա Քրիստոնեա-սոցիալական միության (ՔՍՄ) քաղաքական գործիչ Իլզե Այգները, որի թեկնածությունն առաջադրել են ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը և Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը։ Ընտրվելու դեպքում նա կդառնա Գերմանիայի նախագահի պաշտոնը զբաղեցնող առաջին կինը՝ փոխարինելով Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին։

ԱԳհ-ում ձգտում են խուսափել թեկնածության շուրջ ներքին տարաձայնություններից։ Նախորդ՝ 2022 թվականի նախագահական ընտրություններում կուսակցությունն առաջադրել էր տնտեսագետ Մաքս Օտտեին, սակայն այդ որոշումը վեճեր էր առաջացրել ղեկավարության ներսում։ Կուսակցության համանախագահ Տինո Խրուպալան պնդել էր Օտտեի թեկնածությունը՝ հույս ունենալով ստանալ պահպանողական դաշինքի ներկայացուցիչների ձայները։ Մյուս համանախագահը՝ Յորգ Մոյթենը, նրան չափազանց վիճահարույց գործիչ էր համարում։ Հետագայում Մոյթենը լքել էր ԱԳհ-ն։

Բերտոլդը պաշտպանի դիրքում հանդես է եկել գերմանական մի շարք ակումբներում, այդ թվում՝ Ֆրանկֆուրտի «Այնտրախտում», «Բավարիայում» և «Շտուտգարտում»։ Նա Գերմանիայի հավաքականի կազմում անցկացրել է 62 հանդիպում և 1990 թվականին Իտալիայում կայացած առաջնությունում դարձել աշխարհի չեմպիոն։ Մարզական կարիերան ավարտելուց հետո աշխատել է որպես Դյուսելդորֆի «Ֆորտունա» ակումբի մենեջեր, ինչպես նաև ֆուտբոլային փորձագետ հեռուստատեսությունում և տպագիր մամուլում։

COVID-19-ի համավարակի ժամանակ Բերտոլդը քննադատել է իշխանությունների սահմանափակող միջոցառումները՝ դրանք չափազանցված համարելով։ Շտուտգարտում Querdenken 711 շարժման միջոցառման ժամանակ նա հայտարարել է, որ երկրի քաղաքական ղեկավարության նկատմամբ իր վստահությունն իջել է «զրոյից ցածր»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *