ՄԱԿ-ը կոչ է արել Իրանին և ԱՄՆ-ին բացել Հորմուզի նեղուցը պարարտանյութերի մատակարարման համար․ վտանգի տակ է 45 մլն մարդ

ՄԱԿ-ը կոչ է արել Իրանին և ԱՄՆ-ին անհապաղ թույլատրել պարարտանյութերի մատակարարումները Հորմուզի նեղուցով՝ նախազգուշացնելով առավել խոցելի երկրներում միլիոնավոր մարդկանց սպառնացող սովի և աղքատացման վտանգի մասին։ Այս մասին շաբաթ օրը՝ նոյեմբերի 14-ին, Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող COP31 կլիմայական համաժողովում հայտարարել է ՄԱԿ Ծրագրերի սպասարկման գրասենյակի (UNOPS) ղեկավար Խորխե Մորեյրա դա Սիլվան, հաղորդել է AFP-ն։

Նրա խոսքով՝ կողմերը պետք է շարունակեն հակամարտության կարգավորման համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցությունները, սակայն դրան զուգահեռ անհրաժեշտ է շտապ ժամանակավոր միջոցներ ձեռնարկել պարարտանյութերի փոխադրումները վերսկսելու համար։

«Ըստ էության, մեզ օրական պարարտանյութերով բեռնված հինգ նավ է անհրաժեշտ», — հայտարարել է Մորեյրա դա Սիլվան՝ ընդգծելով, որ լուծումը պետք է լինի անհապաղ, սահմանափակված ժամանակով և ծավալով։

Փետրվարի վերջին Իրանի դեմ ամերիկա-իսրայելական համատեղ հարձակումից հետո Թեհրանը փակել է ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցը, ինչը լուրջ խափանումներ է առաջացրել նավագնացության համար տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս։ Իրավիճակն էլ ավելի է բարդացրել իրանական նավահանգիստների ամերիկյան շրջափակումը։

Մինչև հակամարտության սկիզբը Հորմուզի նեղուցով էր անցնում պարարտանյութերի համաշխարհային մատակարարումների մեկ երրորդը։ Շրջափակումների սահմանումից հետո դրանց գինն աճել է 30 տոկոսով, հայտնել է ՄԱԿ ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ ճգնաժամի հետևանքները հատկապես ծանր են անդրադառնում առավել խոցելի երկրների վրա։ Սուդանում վերջին վեց ամսվա ընթացքում սննդամթերքի գները կրկնապատկվել են, Նեպալում ֆերմերներն այլևս չեն կարող իրենց թույլ տալ պարարտանյութ գնել։

Մատակարարումների խափանումների ծանր հետևանքները կրող պետությունների թվում Մորեյրա դա Սիլվան նշել է Մոզամբիկը, Քենիան, Սուդանը, Սոմալին, Նեպալը, Բանգլադեշը և Շրի Լանկան։

Եթե պարարտանյութերի պակասի պատճառով աշխարհի տարբեր տարածաշրջաններում բաց թողնվեն ցանքի սեզոնները, 45 մլն մարդ կարող է բախվել պարենի սուր պակասի, նախազգուշացրել է նա։ Եվս 30 մլն մարդ աղքատության շեմից ցածր վիճակում հայտնվելու վտանգի տակ է։

UNOPS-ի ղեկավարի խոսքով՝ ՄԱԿ-ն արդեն պատրաստել է պարարտանյութերի փոխադրումները վերսկսելու մեխանիզմ։ Անհրաժեշտ պայմանավորվածությունների ձեռքբերման դեպքում մատակարարումները հնարավոր կլինի կազմակերպել յոթից տասը օրվա ընթացքում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *