ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն խոսել է Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածու, քաղբանտարկյալ Արսեն Գևորգյանի մահվան ու պատասխանատուների մասին, ինչպես նաև ահազանգել է Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում տիրող անմխիթար վիճակի մասին։
Նա նշել է, որ Գևորգյանի մահվան պատասխանատվությունը կրում են իշխանությունները, «քանի որ սիրում են մարդկանց վարկաբեկել առանց դատարանի որոշման»։
«Արսենին բռնելուց հետո մի քանի օրվա ընթացքում Հայաստանի բարձրագույն պաշտոնյաները ինչ անուն ասես՝ չփորձեցին կպցնել նրան: Հիշեցնեմ՝ նրան մեղադրում էին, որ իր շտաբի անդամներին գումար է տվել, որ իրեն ընտրեն: Նա մարդ էր, որ քաղաքականության մեջ չի եղել․ պարզ է, որ մտածմունքների մեջ է եղել, շատ ճնշված է իրեն զգացել անարդարությունից։ Նա իրապես շատ կենսուրախ և դրական մարդ էր և դա ցույց էլ չէր տալիս, ոչ ոք չէր կարող կանխատեսել։ Նա մտել է բերդ առողջ վիճակում և մի քանի շաբաթվա ընթացքում բերդից մեզ են հանձնել նրան անշնչացած: Սա բացատրում է մի բան․ իշխանությունն իր քաղաքական փոքր շահի, ընտրություններում մարդկանց խաբելու համար, մարդու նկատմամբ ուղղակի վարկաբեկման պրոցես էր իրականացնում»,– հավելել է Կարապետյանը և կոչ արել ՔՊ–ական իշխանություններին վերջ տալ այս գործելաոճին։
Անդադարռնալով ՔԿՀ–ներում անմխիթար վիճակին՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը շեշտել է, որ բանտային համակարգում պետք է դրական փոփոխություններ իրականացվեն:
«Օրինակ՝ Նուբարաշենում ՔԿՀ–ում մարդն ինֆարկտ է ստացել, բուժակ է եկել, բժիշկ չի եղել, բուժակը միջմկանային ցավազրկող է սրսկել ինֆարկտ ստացած մարդուն։ Բայց, օրինակ, ֆինանսավորում վերցնելուց, պարգևավճար ավելացնելուց մեծ տեքստեր են ասում այդ մասին։ Պետք է կարգավորվի քրեակատարողական հիմնարկների վիճակը և, ընդհանրապես, պետք է կարգավորվի քաղաքական էթիկետը․ մարդուն՝ առանց մեղքի, չի կարելի էլի ենթարկել վարկաբեկման»,– եզրափակել է Կարապետյանը։