Իռլանդացի զինվորական մասնագետները վնասազերծել են Դուբլինի կենտրոնում գտնվող գրասենյակային շենքում հայտնաբերված ինքնաշեն պայթուցիկ սարքը, հայտնել է Reuters-ը։
Այն գտնվել է այն վայրից ոչ հեռու, որտեղ նախորդ օրը ընթրել էին Իռլանդիայի մայրաքաղաք երկօրյա գագաթնաժողովի ժամանած համաշխարհային առաջնորդները։
Իռլանդիայի ոստիկանության տվյալներով՝ ուրբաթ ցերեկը իրավապահները հաղորդում են ստացել Մերիոն-սքվեր հրապարակում գտնվող շենքում կասկածելի սարքի մասին։
Հինգշաբթի հրապարակի մյուս կողմում տեղի էր ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի մասնակիցների ընթրիքը։ Այդ միավորումն ընդգրկում է Եվրամիության երկրներն ու ԵՄ անդամ չհանդիսացող պետությունները։
Ոստիկանության կողմից իրավիճակի նախնական գնահատումից հետո դեպքի վայր է կանչվել Իռլանդիայի պաշտպանության ուժերի պայթյունավտանգ առարկաների վնասազերծման մասնագետների խումբը։
«Մասնագետների խումբը վնասազերծել է սարքը, որի կառուցվածքը պարզունակ էր, սակայն պայթյունի իրական վտանգ էր ներկայացնում», — նշվել է ոստիկանության հայտարարության մեջ։
Իրավապահները հայտնել են, որ հետաքննությունը շարունակվում է։ Միաժամանակ, ոստիկանությունը չի հստակեցրել, թե կոնկրետ երբ կարող էր տեղադրված լինել սարքը, և այլ մանրամասներ չի ներկայացրել դրա կառուցվածքի կամ չարագործների հնարավոր նպատակների վերաբերյալ։
Հիշեցնենք, որ օրերս Դուբլինում տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որին մասնակցել է նաև Հայաստանի պատվիրակությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։