Բժշկական ներքնակների և մահճակալների պատճառով յոթ մարդ է մահացել

Ամերիկյան Medline ընկերությունը հայտնել է իր արտադրության մահճակալների և բժշկական ներքնակների օգտագործման հետ կապված յոթ մահվան դեպքի մասին։ Այս մասին նշված է ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի որակի վերահսկման վարչության (FDA) ծանուցման մեջ, հաղորդում է RBC–ն։

«2026 թվականի նոյեմբերի 8-ի դրությամբ Medline ընկերությունը ստացել է մահվան 7 դեպքի և 35 լուրջ վնասվածքի մասին հաղորդում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ընկերությունը դեպքերը կապում է իր արտադրանքի օգտագործման ընթացքում առաջացող երկու հնարավոր վտանգի՝ հրդեհի բռնկման և մահճակալի տարբեր հատվածների միջև հիվանդների մարմնի մասերի սեղմվելու ռիսկի հետ։

Medline-ը հայտարարել է իր ապրանքանիշի բոլոր բժշկական մահճակալների, կողային պաշտպանիչ ճաղերի, ներքնակների և պարագաների հետկանչի մասին։ Ընկերությունը նաև դադարեցրել է դրանց մատակարարումն ու արտադրությունը։

FDA-ի տվյալներով՝ Medline-ի արտադրանքը ԱՄՆ-ում և Կանադայում վաճառվել է 2011-2026 թվականներին։ Հայտնաբերված թերությունները վերացնելու ծրագրի շրջանակում ընկերությունը հաճախորդներին առաջարկել է վերանորոգել կամ փոխարինել արտադրանքը, իսկ որոշ դեպքերում՝ վերադարձնել գումարն ամբողջությամբ կամ մասնակիորեն։

Մինչև արտադրանքի վերանորոգումը կամ փոխարինումը Medline-ը խորհուրդ է տալիս մահճակալներն անջատել էլեկտրական ցանցից։ FDA-ի պարզաբանմամբ՝ դրանք պետք է միացնել միայն մահճակալի դիրքը փոխելու անհրաժեշտության դեպքում, որից հետո կրկին անջատել սնուցումը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *