
Փաստաբան Աննա Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է․ «Ինձ խորապես մտահոգում են ՀՀ քրեակատարողական հիմնարկներում արձանագրվող մահվան դեպքերը։ Յուրաքանչյուր նման դեպք պարզապես վիճակագրություն չէ, դա մարդու կյանք է, որը գտնվում է պետության անմիջական վերահսկողության ներքո։
Երբ մարդը զրկվում է ազատությունից, պետությունը ստանձնում է ոչ միայն նրան պահելու, այլև նրա կյանքը, առողջությունն ու արժանապատվությունը պաշտպանելու պարտականություն։
ՔԿՀ-ի պատերից ներս մարդու իրավունքները չեն դադարում գործել։ Ազատազրկումը չի վերացնում կյանքի իրավունքը, բժշկական օգնություն ստանալու իրավունքը և անմարդկային վերաբերմունքից պաշտպանված լինելու իրավունքը։
ՄԻԵԿ 2-րդ հոդվածով պետությունը պարտավոր է պաշտպանել յուրաքանչյուր մարդու կյանքը, իսկ անազատության մեջ գտնվող անձանց նկատմամբ այդ պարտավորությունն առանձնահատուկ նշանակություն ունի։
Ինձ համար անընդունելի է, երբ մահվան դեպքը մնում է ընդամենը արձանագրություն, իսկ դրա հնարավոր պատճառները, կանխարգելելի հանգամանքներն ու պաշտոնատար անձանց պատասխանատվությունը չեն ստանում պատշաճ իրավական գնահատական։
Պետությունը մարդուն կարող է զրկել ազատությունից՝ օրենքով սահմանված կարգով, բայց չի կարող հրաժարվել նրա կյանքի պաշտպանության պատասխանատվությունից։
Ես կարծում եմ՝ յուրաքանչյուր մահ պետք է դառնա արդյունավետ, անկախ և անաչառ քննության առարկա, իսկ յուրաքանչյուր հնարավոր անգործություն՝ իրավական գնահատականի։
Մարդու իրավունքները չեն ավարտվում բանտի դարպասների մոտ։
Կյանքի իրավունքը բացարձակ արժեք է, և պետությունը պարտավոր է այն պաշտպանել նաև բանտի պատերից ներս։
ՄԻԵԴ-ը Salman v. Turkey գործով ընդգծել է, որ պետության վերահսկողության տակ գտնվող անձանց մահվան կամ վնասվածքների դեպքում իշխանությունները պարտավոր են ներկայացնել համոզիչ բացատրություն։
Jasinskis v. Latvia գործով դատարանն արձանագրել է անազատության մեջ գտնվող անձին անհրաժեշտ բժշկական օգնություն տրամադրելու պետության պարտավորությունը։
Muradyan v. Armenia գործով ևս ՄԻԵԴ-ը շեշտել է, որ կալանքի տակ գտնվող անձը խոցելի վիճակում է, և պետությունը պարտավոր է պաշտպանել նրա կյանքը»։