Հունգարիայում նախկին նախարարից առգրավել են գրեթե 20 միլիոն դոլար․ գումարի մի մասը թաղված է եղել անտառում

Բուդապեշտում և Հունգարիայի երեք շրջաններում երկու օր տևած խուզարկությունների ընթացքում քննիչներն առգրավել են շուրջ 17,7 միլիոն եվրո։ Խուզարկություններն իրականացվել են ազգային զարգացման նախկին նախարար Միկլոշ Շեշտակի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակում, հայտնում է Associated Press-ը (AP)։

«Գումարը թաքցված է եղել տարբեր վայրերում, այդ թվում՝ անտառներում՝ հողի տակ, գյուղատնտեսական շինություններում, պահեստներում, բնակելի տանը և հատուկ պաշտպանված պահոցում»,- գործի նյութերին ծանոթ աղբյուրներին հղումով հայտնում է գործակալությունը։

Հաղորդվում է, որ Շեշտակը կասկածվում է խոշոր չափերի կաշառքներ ստանալու մեջ։ Մասնավորապես, խոսքը պետական ձեռնարկության համար տրանսպորտային միջոցների գնումների և պետական շինարարական ծրագրերի մասին է։ Վիկտոր Օրբանի վարչապետության օրոք կառավարությունում աշխատած Շեշտակը կալանքի տակ է սեպտեմբերի վերջից։

AP-ի հաղորդմամբ՝ սա Օրբանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչների նկատմամբ միակ հետաքննությունը չէ։ Կալանքի տակ է նաև Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Դյորդ Մատոլչին, որը կասկածվում է ԿԲ հիմնադրամի միջոցները ոչ նպատակային օգտագործելու մեջ։

Նոյեմբերի 9-ին ձերբակալվել է նաև նախկին վարչապետի եղբայրը՝ Արոն Օրբանը։ Նա կասկածվում է վիզաների հետ կապված խարդախությունների մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *