«Սպառվել է «հեղափոխական» բանանի մոգական ուժը». Կարեն Հեքիմյան

«Սպառվել է «հեղափոխական» բանանի մոգական ուժը». Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վարազիկին մորթեցի՞ն:
     Նախորդ դարի 50-60-ականներին ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնությունում մի թիմ էր խաղում, որի խորհրդանիշը կենդանի վարազիկն էր: Խաղի ընթացքում վարազիկն արածում էր թիմի դարպասների հետևում: Վարազիկի ներկայությամբ թիմն անպարտ էր: Շատ կարճ ժամանակահատվածում, ժամանակին բակային կարգավիճակ ունեցող թիմը սկսեց խաղալ ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 2-րդ խմբում և նույնիսկ 1-ին խմբում խաղալու հայտ ներկայացրեց: Երբ հակառակորդները հասկացան թիմի հաջողության գրավականը, պահանջեցին խաղադաշտի մատույցներից հեռացնել վարազիկին, իսկ որոշ ժամանակ անց վերջինիս մորթված գտան: Թիմն առանց վարազիկի սկսեց պարտվել և վերադարձավ իր նախկին` բակային, կարգավիճակին:
     2018 թվականի «թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանում բանանի գինը նկատելիորեն նվազեց՝ հասնելով շուրջ 400-500 դրամի՝ նախկին 700-1000 դրամի փոխարեն։ Այս գնանկումը դարձավ Փաշինյան Նիկոլի «հեղափոխության» տնտեսական փոփոխությունների և մենաշնորհների դեմ պայքարի ամենահայտնի խորհրդանիշներից մեկը: Եվ, այս իմաստով, տրամաբանական էր, որ վերջերս Փաշինյան Նիկոլը հիշեց «հեղափոխության» խորհրդանիշը` բանանը: Սակայն, շատ կարևոր է այն իրադարձությունների հաջորդականությունը, որ կատարվեց բանանի «երկրորդ գալստյան» զուգահեռ: Ուրեմն, ՀԱՊԿ-ում Հայաստանին զրկեցին ձայնի իրավունքից, աշխարհում գումար հայթայթել չհաջողվեց, հետևաբար` պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծն անորոշ ժամանակով հետաձգվեց, հայտարարվեց Հայաստանի` մոտակա 20 տարում Եվրոպային անհասանելիության մասին և, ամենակարևորը` Փաշինյան Նիկոլը միայն դեկտեմբերին պատրաստվում է 3 անգամ Մոսկվա մեկնել: Ընդ որում, վերջինս անձամբ մասնակցելու է այնպիսի միջոցառումներին, որոնց Հայաստանը միշտ մասնակցում էր փոխվարչապետի մակարդակով:
     Նախապաշարմունքը հուշում է, որ սպառվել է «հեղափոխական» բանանի մոգական ուժը: Վստահաբար` դրա մասին գիտի նաև Փաշինյան Նիկոլը և այդ պատճառով Անթալիայից Դուբլին «ուղևորություն» անցած բանանը մնաց Երևանում: Պնոմ Պեն Փաշինյան Նիկոլը մեկնեց առանց բանանի: Այն չի լինի վերջինիս գրպանում նաև Մոսկվայում:
     Փաստորեն, վարազիկին «մորթեցին», կներեք, բանանը «կերան»»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *