
Ռուսաստանը գիշերը բալիստիկ հրթիռներով հարված է հասցրել Ուկրաինայի կրիտիկական ենթակառուցվածքների օբյեկտներին, ինչի հետևանքով Կիևում վնասվել է Դնեպրի վրայով անցնող Հյուսիսային կամուրջը, և սկսվել են լուրջ խափանումներ էլեկտրականության, ջեռուցման ու ջրամատակարարման ոլորտներում։ Ինչպես հայտնել է Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն, կամրջով երթևեկությունն ամբողջությամբ փակվել է, իսկ քաղաքում էներգամատակարարման հետ կապված ստեղծվել է չափազանց բարդ իրավիճակ։
Քաղաքային իշխանությունների տեղեկատվությամբ՝ Կիևում հարձակման հետևանքով տուժել է հինգ մարդ, այդ թվում՝ տասնչորսամյա դեռահաս։ Վնասներ են կրել նաև Կիևի և Ժիտոմիրի մարզերի էներգետիկ օբյեկտները։
Բացի այդ, գիշերային գնդակոծության հետևանքներն անդրադարձել են նաև երկրի այլ շրջանների վրա։ Չեռնիգովի քաղաքային խորհրդից հայտնել են, որ քաղաքն ամբողջությամբ հոսանքազրկվել է, ինչի պատճառով այնտեղ կանգ է առել էլեկտրական հասարակական տրանսպորտը։ Զապորոժիեի մարզում կրիտիկական ենթակառուցվածքի օբյեկտին հասցված հարվածից հետո տեղի են ունեցել էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ, ինչպես նաև առաջացել են ջրամատակարարման և ջեռուցման խափանումներ։ Մասնակիորեն հոսանքազրկված են մնացել նաև Դնեպրոպետրովսկի մարզի Դնեպրովսկի և Կամենսկի շրջանների բնակավայրերը, որտեղ հիվանդանոցներն ու սոցիալական նշանակության այլ օբյեկտներ անցել են գեներատորներով աշխատանքի։