Երևանում անցկացվել է «Պարենի իրավունքը Հայաստանում․ ինչպիսի՞ն է ներկայիս վիճակը» խորագրով պանելային քննարկում, որի ընթացքում պետական կառույցների, արհմիությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները քննարկել են Հայաստանում պարենի իրավունքի ապահովման առկա խնդիրները, իրավական կարգավորումները և հնարավոր բարեփոխումները։
Քննարկման առանցքում են եղել պարենային անապահովության մակարդակը, սննդամթերքի գների աճը, տեղական արտադրության սահմանափակումները, աշխատող աղքատության խնդիրը և սննդամթերքի անվտանգության ոլորտում պատասխանատվության մեխանիզմները։

Պարենային անապահովության ցուցանիշներն ու հիմնական մարտահրավերները
Քննարկման մեկնարկին ՅՈՒՍՏՈՒՍ հետազոտական և խորհրդատվական հիմնադրամի հիմնադիր և գործադիր տնօրեն Էմիլ Գևորգյանը ներկայացրել է Հայաստանում և աշխարհում պարենային անվտանգությանն առնչվող խնդիրներն ու մտահոգիչ ցուցանիշները։
Նրա խոսքով՝ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության՝ FAO-ի 2025 թվականի զեկույցում ներկայացված տվյալների համաձայն՝ աշխարհում 645 միլիոն մարդ մատնված է սովի։ Դրա հիմնական պատճառների թվում են պատերազմները, տնտեսական և կլիմայական ճգնաժամերը, ինչպես նաև գլոբալ պատասխանատվության հետ կապված խնդիրները։
«Պարենային անապահովության մտահոգիչ ցուցանիշներից բացի՝ աշխարհում յուրաքանչյուր երրորդ մարդ բախվում է ճիշտ և խելամիտ սնվելու խնդրին։ Ցավոք, այդ խնդիրը առկա է նաև Հայաստանում։ Հայաստանում բնակչության 20 տոկոսը պարենային առումով անապահով է, իսկ 54 տոկոսը գտնվում է սահմանային շեմին և որևէ ռիսկի ի հայտ գալու դեպքում կարող է դառնալ պարենային առումով անապահով։ Այս վիճակագրության համաձայն՝ յուրաքանչյուր տասը մարդուց յոթը պարենային անապահովության վտանգի տակ է։ Գոյություն ունի Պարենային անվտանգության գլոբալ ինդեքս, սակայն Հայաստանի վերաբերյալ տվյալները բացակայում են, ինչի պատճառով հնարավոր չէ գնահատել իրավիճակի փոփոխության դինամիկան»,- նշել է Էմիլ Գևորգյանը։
Ցորենի արտադրություն, ներմուծում և սննդամթերքի գնաճ
Անդրադառնալով Հայաստանի պարենային ինքնաբավությանը՝ Էմիլ Գևորգյանը նշել է, որ 2024 թվականին Հայաստանում արտադրված ցորենով ապահովվել է ներքին պահանջարկի ընդամենը 22,8 տոկոսը։ Մնացած պահանջարկը բավարարվել է ներմուծման հաշվին։
Նրա խոսքով՝ ցորենի ներմուծման կենտրոնացվածությունը մեկ կամ երկու գործընկեր երկրում կարող է լրացուցիչ ռիսկեր առաջացնել։ Երկրների միջև հարաբերությունների փոփոխության պայմաններում անհրաժեշտ է ձևավորել ավելի ամուր գործընկերային կապեր՝ պարենային անվտանգության հնարավոր խաթարումներից խուսափելու համար։
Մտահոգիչ է նաև առանձին ապրանքատեսակների գների աճը։ Գևորգյանի ներկայացմամբ՝ 2024 թվականի վիճակագրական տվյալների համեմատ՝ 2025 թվականին ցորենի գինը բարձրացել է 28 տոկոսով։ Գնաճ է արձանագրվել նաև ձկան, ծովամթերքի, յուղերի, ճարպերի և բանջարեղենի շուկաներում։
Միաժամանակ, 2024 թվականի տվյալներով՝ Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 21,7 տոկոս։ Այս համատեքստում կարևոր է գնահատել, թե գների բարձրացման պայմաններում որքանով է սննդամթերքը հասանելի աղքատության մեջ ապրող բնակչությանը։
Որպես տեղական արտադրության զարգացմանը խոչընդոտող գործոններ՝ նա առանձնացրել է հողերի մասնատվածությունը, վերամշակման սահմանափակ հնարավորությունները, ագրարային խորհրդատվական համակարգի բացակայությունը և այլ խնդիրներ։
Սննդամթերքի անվտանգությունն ու օրենսդրական պատասխանատվությունը
ՀՀ Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լուսինե Բադալյանն ընդգծել է սննդի և մարդու առողջության սերտ փոխկապակցվածությունը։ Նրա խոսքով՝ անառողջ սնունդը կարող է հանգեցնել առողջական լուրջ խնդիրների և համաճարակների, մինչդեռ առողջ սննդակարգը կարող է նվազեցնել առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը։
Այդուհանդերձ, առողջ սնվելու մշակույթի ձևավորման ուղղությամբ դեռևս մեծ աշխատանք կա իրականացնելու։
Անդրադառնալով Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի 2025 թվականի հաշվետվությանը՝ Բադալյանը նշել է, որ դրա ուսումնասիրությամբ պարզվել է՝ խախտումների համար որևէ մարմին պատասխանատվության չի ենթարկվել՝ բացառությամբ հիգիենային առնչվող մեկ դեպքի։
Նրա խոսքով՝ արդեն նախաձեռնվել են օրենսդրական փոփոխություններ, որոնցով սննդի ամբողջ շղթայի յուրաքանչյուր փուլում սահմանվում է պատասխանատվություն՝ ընդհուպ մինչև գործունեության դադարեցում։
Աշխատող աղքատություն․ արդյո՞ք աշխատավարձը բավարար է լիարժեք սնվելու համար
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանն անդրադարձել է աշխատող աղքատության խնդրին՝ ընդգծելով, որ աշխատանք ունենալը դեռևս չի երաշխավորում արժանապատիվ կյանքի հնարավորություն։
Նրա խոսքով՝ Հայաստանում այսօր բազմաթիվ մարդիկ աշխատում են, սակայն ստացած եկամուտը բավարար չէ իրենց և ընտանիքի հիմնական կարիքները հոգալու համար։ Ամսվա վերջին մարդը հաճախ ստիպված է ընտրություն կատարել սնունդ գնելու, համավճարով տրամադրվող դեղորայք ձեռք բերելու կամ ընտանիքի լիարժեք սնունդն ապահովելու միջև։ Մինչդեռ մարդու կարիքները չեն սահմանափակվում միայն սննդով և դեղորայքով։
Այս համատեքստում Մանասերյանը հարց է բարձրացրել՝ արդյոք սահմանված աշխատավարձը բավարար է նույնիսկ նվազագույն սպառողական զամբյուղն ապահովելու համար։
«Մեր վերլուծությունները մատնանշում են երկու հիմնական խնդիր։ Առաջինը նվազագույն աշխատավարձի սահմանման հիմքում ընկած մոտեցումն է, որը վերանայման կարիք ունի․ այսօր պետությունն այդ հարցում առաջնորդվում է իր տնտեսական հնարավորություններով։ Երկրորդը սոցիալական պաշտպանության համակարգի մոտեցումն է։ Այն պետք է դադարի գործել միայն հրատապ խնդիրներին արձագանքելու տրամաբանությամբ, երբ մարդուն աջակցություն ենք տրամադրում արդեն ծայրահեղ աղքատության մեջ հայտնվելուց հետո։ Ես դեմ եմ նպաստ տրամադրելու վրա հիմնված մոտեցմանը, քանի որ այն մարդկանց կախվածության մեջ է պահում օգնությունից։ Միաժամանակ ուրախ եմ, որ ունենք զբաղվածության ապահովմանն ուղղված ծրագրեր»,- նշել է Էլեն Մանասերյանը։

Հանրային իրազեկվածությունը՝ իրավունքների պաշտպանության նախապայման
Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն իր խոսքում կարևորել է պարենի իրավունքին առնչվող խնդիրների վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացումը։
Նրա խոսքով՝ մարդիկ պետք է ճանաչեն իրենց իրավունքները և տեղեկացված լինեն դրանք պաշտպանելու հնարավորությունների մասին։ Հանրային իրազեկվածությունը կարևոր նախապայման է ոչ միայն իրավունքների պաշտպանության, այլև ոլորտում առկա խնդիրների բարձրաձայնման և դրանց լուծման պահանջ ձևավորելու համար։
Քննարկումը կազմակերպվել է ՅՈՒՍՏՈՒՍ հետազոտական և խորհրդատվական հիմնադրամի կողմից՝ Շվեդիայի Լունդի համալսարանին առընթեր գործող Ռաուլ Վալենբերգի մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի (RWI) «Մարդու իրավունքների հետազոտությունները Հայաստանում․ արդի և նոր ձևավորվող հիմնախնդիրներ» խորագրով 4-րդ միջազգային գիտաժողովի շրջանակում։
Քննարկման արդյունքներով նախատեսվում է մշակել քաղաքականության համառոտագիր (Policy Brief), որը կներառի Հայաստանում պարենի իրավունքի պաշտպանությանն ուղղված թիրախային առաջարկություններ։
Ստացված արդյունքներն ու առաջարկությունները նախատեսվում է դիտարկել նաև Ռաուլ Վալենբերգի ինստիտուտի՝ 2027 թվականի մարդու իրավունքների հետազոտական օրակարգի ձևավորման համատեքստում։