ԱՄՆ-ում ավիաընկերությունների գործադուլը, որ ուրբաթ օրվանից քաոս է առաջացրել ավիափոխադրումների ոլորտում, կապ չունի Դաշնային ավիացիոն վարչության (FAA) նոր՝ 875 միլիոն դոլար արժողությամբ արհեստական բանականության վրա հիմնված համակարգի հետ։ Այդ մասին հայտարարել են ԱՄՆ կառավարության ներկայացուցիչներն ու տեխնոլոգիան մշակած ընկերությունը։
SMART անվանումը կրող համակարգը նախատեսված է օդային տարածքում հնարավոր խնդիրները կանխատեսելու համար։ Այնուամենայնիվ, համակարգի համազգային ներդրման ժամանակացույցին գրեթե համընկած ավիացիոն սպասարկման դադարեցումը հարցեր է առաջացրել դրա գործառույթների, առավելությունների և հնարավոր ռիսկերի վերաբերյալ, ինչպես նաև այն մասին, թե ինչ մեխանիզմներ են նախատեսված հնարավոր խնդիրները կանխելու համար։
Պաշտոնյաների խոսքով՝ ավիափոխադրումների խափանումները որևէ կապ չունեն նոր համակարգի հետ։
SMART համակարգը տեղակայված է Վաշինգտոնի մերձակայքում գտնվող կենտրոնում, որտեղ մասնագետների խումբը վերլուծում է թռիչքների ժամանակացույցերը, եղանակային կանխատեսումները և տվյալների հարյուրավոր այլ աղբյուրներ։ Այնուհետև կենտրոնը համապատասխան առաջարկություններ է փոխանցում FAA-ի հրամանատարական կենտրոնին, որն էլ դրանք ներկայացնում է ամբողջ երկրի ավիակարգավարներին՝ ուսումնասիրության և գնահատման համար։
ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Մարկուեյն Մալինը ուրբաթ հայտարարել է, որ որևէ հաստատված տեղեկություն չկա այն մասին, թե թռիչքների դադարեցման պատճառ դարձած կապի խնդիրները կապված են նոր համակարգչային համակարգի հետ։ Նույնը շաբաթ օրը հաստատել են նաև ԱՄՆ տրանսպորտի նախարարության և Դաշնային ավիացիոն վարչության բարձրաստիճան պաշտոնյաները։
Համակարգը մշակած Air Space Intelligence (ASI) ստարտափը նույնպես հերքել է դրա առնչությունը ավիափոխադրումների խափանումներին՝ հայտարարելով, որ թռիչքների դադարեցման պատճառը չեն եղել ո՛չ SMART համակարգը, ո՛չ ASI-ի որևէ այլ արտադրանք, ո՛չ էլ ընկերության՝ FAA-ի և օդային երթևեկության կառավարման (ATC) համակարգի հետ ինտեգրումը։