Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցության վերաբերյալ որոշումը Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին կախված կլինի Չինաստանում կայանալիք գագաթնաժողովի արդյունքներից։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Կլինեն եռակողմ և երկկողմ հանդիպումներ՝ թե՛ Չինաստանի, թե՛ ԱՄՆ-ի առաջնորդների հետ։ Եվ դրանից հետո, ակնհայտորեն, մենք ևս մեկ անգամ կդիտարկենք իրավիճակը, կկշռադատենք բոլոր «կողմ» և «դեմ» փաստարկները, և նախագահը որոշում կկայացնի»,- նշել է Ուշակովը։
Հիշեցնենք, որ 2026-ին «Մեծ քսանյակում» նախագահությունն անցել է Ամերիկայի Միացյալ Նահանգներին, իսկ առաջնորդների տարեվերջյան գագաթնաժողովը նախատեսված է անցկացնել Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքում։ Ըստ ԱՄՆ վարչակազմի առաջնահերթությունների՝ 2026-ի G20-ի օրակարգի առանցքում լինելու են գլոբալ տնտեսական աճի խթանումը, ապակարգավորումը (բիզնեսի վրա վարչական բեռի թեթևացումը), մատակարարման շղթաների անվտանգությունը, էներգետիկ ռեսուրսների հասանելիությունը, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների և արհեստական բանականության (ԱԲ) զարգացումն ու կիրառումը տնտեսության մեջ։