ՀՌՀ-ն քննադատել է Հանրայինի եթերում բռնության և վիրավորանքի ցուցադրումը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն անհանգստություն է հայտնել Հանրային հեռուստաընկերության «Մեծ բանավեճ» հաղորդման նոյեմբերի 15-ի եթերի կապակցությամբ։ Հանձնաժողովի գնահատմամբ՝ հաղորդման ընթացքում հնչել են սեռական բնույթի արտահայտություններ, ցուցադրվել են ֆիզիկական բռնության տեսարաններ, իսկ միջադեպն ամբողջությամբ հեռարձակվել է առանց խմբագրական միջամտության։

ՀՌՀ-ն ընդգծել է, որ Հանրային հեռարձակողը նման իրավիճակներում պարտավոր է պահպանել օրենքի պահանջները, կանխել բռնության տարածումն ու եթերում վիրավորական բովանդակության ցուցադրումը՝ անկախ քննարկման մասնակիցներից և իրավիճակի լարվածությունից։

Հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․

Հանրային հեռուստաընկերության «Մեծ բանավեճ» հաղորդման հեռարձակումը նոյեմբերի 15-ին ընդհատվել է սեռական բնույթի արտահայտությունների ու ֆիզիկական բռնության ցուցադրությամբ։ Եվ այս ողջ ընթացքը եթեր է հեռարձակվել առանց խմբագրումների։

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հայտնում է իր մտահոգությունն ու տարակուսանքը Հանրային հեռարձակողի նման եթերային քաղաքականության կապակցությամբ։ Անթաքույց բռնությունն ու վիրավորանքը չեն կարող արդարացվել բանավեճին հրավիրված անձերով, թեժ քննարկմամբ, դիտելիություն ապահովելու սին մղումով կամ նույնիսկ ձևական անաչառությամբ։

Հանրային գործառույթ ունեցող ու հեռարձակող մեդիայի ոլորտում օրինակելի դեր կատարող հեռուստաընկերությունը նման իրավիճակներում պարտավոր է հարգել օրենքի պահանջները, չբորբոքել լսարանի հույզերը և զերծ մնալ բռնության օրինականացումից եթերում։ Իրավական հարցերից զատ գոյություն ունեն նաև զուտ էթիկական և մասնագիտական մոտեցումներ, որոնք հեռարձակող ընկերությունների համար առաջնային են՝ անգամ այն դեպքում, երբ լուսաբանվում են բռնության տեսարաններ պարունակող բարձր ամբիոնների անցուդարձը։

Ի վերջո, գոյություն ունեն բանավեճի մասնակիցների սադրանքներին դիմակայելու, լարվածությունը մեղմելու, բռնությունը կանխելու, թեման կառուցողական հուն տեղափոխելու մասնագիտական հնարքներ, հատկապես, երբ խոսքը ոչ թե ուղիղ եթերի, այլ նախապես նկարահանված հաղորդման մասին է։

ՀՌՀ-ն իր կարգավորման դաշտում գտնվող հեռարձակողների հանդեպ միշտ ցուցաբերել է խիստ մոտեցում հատկապես բռնության, ատելության խոսքի ու վիրավորանքների տարածման հարցում՝ գիտակցելով, թե որքան մեծ է տեսալսողական մեդիայի դերը հանրային փխրուն համերաշխությունը պահպանելու, սթափ ու գիտակված դատողություններ անելու շեշտադրմամբ բովանդակություն կառուցելու ուժը։

Հանրայինի «Մեծ բանավեճ» հաղորդման երեկվա թողարկման ընթացքում վիճաբանություն է սկսվել լրագրող Բորիս Մուրազիի և քաղաքագետ Հարություն Մկրտչյանի միջև։

Փոխադարձ վիրավորանքներից հետո նրանք հարվածներ են հասցրել միմյանց։ Հաղորդավարները ստիպված են եղել ընդհատել քննարկումը, միջամտել են նաև անվտանգության աշխատակիցները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *