Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ այսօր տեղի է ունեցել բանակցությունների հերթական փուլը՝ ուկրաինական, ամերիկյան և եվրոպական պատվիրակությունների մասնակցությամբ։
Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը ներկայացրել են Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները, որոնք բանակցություններին մասնակցել են առցանց։ Եվրոպական պատվիրակությունն առաջին անգամ ներկայացված է եղել ամբողջ կազմով։ Բանակցություններին մասնակցել են Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Եվրահանձնաժողովի, Եվրոպական խորհրդի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները։
Զելենսկին բանակցությունները բարդ է անվանել, սակայն հայտնել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Բեռլինում՝ «Կամավորների կոալիցիայի» շրջանակում հանդիպում անցկացնելու և բանակցային գործընթացում համատեղ կոնկրետ քայլեր մշակելու վերաբերյալ։
«Մեզ անհրաժեշտ է պատերազմի արժանապատիվ ավարտ և Ուկրաինայի անվտանգության երաշխիքներ», – ընդգծել է Ուկրաինայի նախագահը։