Մոսկվան չի համաձայնել Եվրոպայի մասնակցությանը բանակցություններին


Քաղաքականություն


Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հերքել է Սպիտակ տան ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հայտարարություններն այն մասին, թե Մոսկվան համաձայնել է եվրոպական երկրների մասնակցությանը Ուկրաինայի հարցով բանակցություններին։ Ուշակովի խոսքով՝ ձևաչափի ընդլայնումն իրենց հետ չի համաձայնեցվել, և դրա համար Եվրոպայից նախ հստակ ու կառուցողական առաջարկներ են պահանջվում, իսկ մինչ այդ բանակցությունները կշարունակվեն եռակողմ ձևաչափով։

ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան և նախարար Սերգեյ Լավրովը ևս կասկածի տակ են դրել եվրոպացիների ներգրավվածությունը՝ նշելով, որ նրանք համաձայնեցված չեն եղել և չեն դիտարկվում որպես կառուցողական զրուցակիցներ։

Մինչդեռ Վլադիմիր Զելենսկին և եվրոպական երկրները արդեն պատրաստվում են քառակողմ ձևաչափին՝ ԵՄ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Լեհաստանի և Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգության խորհրդականների մասնակցությամբ, և արդեն անցկացրել են առաջին տեխնիկական քննարկումը։

Այս ֆոնին Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան կողմն առաջին անգամ բարձրացրել է Դոնբասից ուկրաինական զորքերի դուրսբերման դիմաց Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը՝ ընդգծելով, որ նման առաջարկի դեպքում ինքը կդիմի հանրությանը, սակայն Կիևը երբեք օկուպացված տարածքները ռուսական չի ճանաչի։ Նա նաև մերժել է մինչև պատերազմի ավարտը գլոբալ անվտանգության համաձայնագիր կնքելու Ռուսաստանի առաջարկը։

«Եթե նման առաջարկ լինի, ես՝ որպես նախագահ, բաց երկխոսության կգնամ հանրության հետ և կասեմ. «Տեսեք, թե որտեղ ենք մենք գտնվում, ինչպես են միավորվել բոլոր գործընկերները, և ահա թե ինչպես են նրանք տեսնում հետագա ընթացքը»։ Անշուշտ, առանց օկուպացված տարածքները Ռուսաստանինը ճանաչելու», – ասել է Ուկրաինայի նախագահը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *