Nvidia ընկերության հիմնադիր և 33 տարի շարունակ այն ղեկավարած Ջենսեն Հուանգի հրաժարականից հետո նրա աջակիցները լայնածավալ արշավ են սկսել՝ պահանջելով նրան վերադարձնել գլխավոր տնօրենի պաշտոնին։ Հատուկ ստեղծված հարթակում՝ StandWithJensen.com և change.org կայքում արդեն հավաքվել է շուրջ 180 հազար ստորագրություն։
Հուանգին սատարողների շարքում են ընկերության ներկայիս ու նախկին աշխատակիցները, խոշոր բաժնետերեր, ինչպես նաև Իլոն Մասկը, որը X սոցցանցում նշել է, որ առանց Հուանգի անձնական պայմանավորվածությունների՝ Nvidia-ի հետ կարևորագույն գործարքները կարող են ձախողվել։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես հայտարարել է, որ դեմ չի լինի Հուանգի վերադարձին՝ նշելով, որ վերջինս արդեն «լավ դաս է քաղել»։ Financial Times-ի տվյալներով՝ Սիլիկոնյան հովտի մի շարք ղեկավարներ նույնիսկ «օպերատիվ շտաբ» են ձևավորել՝ Հուանգի վերականգնման համար Սպիտակ տան աջակցությունը ստանալու նպատակով։ Սակայն Վաշինգտոնում միասնական դիրքորոշում չկա․ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հորդորել է ընկերությանը նոր ղեկավար փնտրել դրսից։
Հուանգը հրաժարական է տվել նոյեմբերի 12-ին՝ անձնական կյանքին վերաբերող աղմկահարույց բացահայտումներից հետո։ Պարզվել էր, որ նա արտամուսնական կապեր է ունեցել երկու կնոջ հետ՝ Nvidia-ի փոխնախագահ Քիմբերլի Փաուելի և չինական հետախուզության հետ կապերի մեջ կասկածվող Էլիս Հուանգի։
Ամերիկացի պաշտոնյաները մտավախություն ունեն, որ Էլիս Հուանգի նախկին ընկերությանը մատակարարված Nvidia-ի առաջադեմ չիպերը կարող էին շրջանցել արտահանման արգելքն ու հայտնվել Չինաստանում։ Այս գործով զբաղվում է ՀԴԲ-ն, իսկ Հուանգը համաձայնել է ցուցմունք տալ Կոնգրեսում։
Սկանդալի և ղեկավարի հեռանալու հետևանքով Nvidia-ի շուկայական արժեքը նվազել է գրեթե երկու տրիլիոն դոլարով՝ իջնելով չորս տրիլիոնի շեմից։ Այժմ ընկերության ժամանակավոր ղեկավարը ֆինանսական տնօրեն Քոլեթ Քրեսն է։