Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու հնարավոր խաղաղության համաձայնագիրը պետք է ներառի ոչ միայն Մոսկվայի և Կիևի միջև հարաբերությունների կարգավորումն, այլև Ռուսաստանի և Եվրոպայի միջև նոր անվտանգության համակարգի ձևավորումը։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը՝ Բրյուսելում նախարարական հանդիպումից հետո։
«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղությունը չի նշանակի միայն այս երկու երկրների միջև խաղաղություն։ Այն նաև նշանակում է խաղաղություն Եվրոպայի և Ռուսաստանի միջև։ Հետևաբար, անհրաժեշտ է հստակ քննարկել, թե ինչպիսին կլինի Եվրոպայի և Ռուսաստանի միջև նոր անվտանգության և խաղաղության ճարտարապետությունը», – նշել է Ֆիդանը։
Նախարարի խոսքով՝ մինչ այժմ կողմերն իրենց դիրքորոշումներն այս հարցի վերաբերյալ արտահայտել են հիմնականում ընդհանուր գծերով։
Նա նշել է, որ ժամանակն է անցնել ապագա եվրոպական անվտանգության համակարգի կոնկրետ մեխանիզմների քննարկմանը։
Ֆիդանը ընդգծել է, որ Թուրքիան այս ուղղությամբ լուրջ առաջարկներ ունի, որոնք արդեն ներկայացվել են շահագրգիռ կողմերին։
Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ տարածքային հարցը մնում է Ուկրաինայում խաղաղության հասնելու հիմնական խոչընդոտը։ Նրա խոսքով՝ հնարավոր համաձայնագիրը պետք է սահմանի կողմերի միջև շփման գիծը և ապահովի անվտանգության երաշխիքներ։
Ֆիդանը հավելել է, որ բանակցությունների օրակարգում են նաև Ուկրաինայի վերականգնումը, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ապագան և սառեցված ռուսական ակտիվների ճակատագիրը։