Խցանումների պատճառը շենքերը չեն, մեքենաներն են․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ մայրաքաղաքում խցանումների խնդիրը հնարավոր չէ լուծել միայն ճանապարհային ենթակառուցվածքների զարգացմամբ․ անհրաժեշտ են մարդատար ավտոմեքենաների քանակի սահմանափակումներ, ավտոբուսների համար առանձնացված գծեր և երթևեկության կանոնների խախտումների դեմ ավելի խիստ վերահսկողություն։

Երևանի ավագանու նիստում անդրադառնալով երթևեկության կազմակերպմանն ու քաղաքում իրականացվող շինարարական ծրագրերին՝ Ավինյանը նշել է, որ 2021 թվականին տրվել է բազմաբնակարան շենքերի և բնակելի համալիրների կառուցման ռեկորդային՝ 108 թույլտվություն։ Նրա խոսքով՝ 2025 թվականին այդ ցուցանիշը կազմել է 37։

Քաղաքապետը, սակայն, շեշտել է, որ շինարարությունը տնտեսական աճին և պահանջարկին սպասարկող ոլորտ է, իսկ խցանումների պատճառը ոչ թե շենքերն են, այլ ավտոմեքենաների թվի աճը։

«Շենքերը չեն ստեղծում խցանումներ, մարդկանց ավտոմեքենաներն են ստեղծում այդ խցանումները։ Հայաստանի Հանրապետությունում ունենք տնտեսական աճ, ունենք ֆինանսական ներհոսքեր, մարդիկ ունեն ավելի մեծ հնարավորություններ, մարդիկ գնում են ավտոմեքենա»,- ասել է նա։

Ավինյանի խոսքով՝ երթևեկության խնդրի լուծման համար անհրաժեշտ է նախևառաջ արձանագրել դրա հիմնական պատճառները՝ մարդատար ավտոմեքենաների քանակի աճը, վարելու մշակույթը և հանրային տրանսպորտին արտոնություններ տրամադրելու անհրաժեշտությունը։

Նա նշել է, որ քննարկման են ներկայացվելու երեք հիմնական ուղղություններ՝ ավտոբուսների համար ամբողջությամբ առանձնացված գծերի ստեղծում, առողջապահական հիմքերով մարդատար ավտոմեքենաների նկատմամբ հստակ սահմանափակումների կիրառում և երթևեկության վրա էական ազդեցություն ունեցող խախտումների դեմ շարունակական վերահսկողության մեխանիզմների ներդրում։

Քաղաքապետը նաև տեղեկացրել է, որ Երևանի քաղաքապետարանն արդեն նոր տեսախցիկներով տվյալներ է հավաքագրում և փոխանցում Ներքին գործերի նախարարությանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *