Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության ղեկավար Վլադիմիր Կիրակոսյանի ընտանիքին առնչվող փաստաթղթերի ուսումնասիրությունը մի շարք հարցադրումներ է առաջ բերում։ Ըստ փաստաթղթերի՝ Վլադիմիր Կիրակոսյանի կինը՝ Արուսյակ Սեդրակյանը, 2023 թվականի հոկտեմբերի 6-ին որպես անհատ ձեռնարկատեր է գրանցվել, և ընդամենը մի քանի ամիս անց՝ արդեն 2024 թվականի փետրվարի 29-ին, հանդես է գալիս որպես գործատու և պետական ծրագրում կնքում մի շարք պայմանագրեր։
Խոսքը վերաբերում է Արցախից բռնի տեղահանված անձանց համար նախատեսված ծրագրին, որի շրջանակում իրականացվում են կարճաժամկետ ուսուցման դասընթացներ և աշխատանքային փորձի կազմակերպում։
Այս ժամանակագրությունը հարց է առաջացնում՝ ինչպե՞ս է նոր գրանցված ԱՁ-ն այդքան կարճ ժամանակում ընդգրկվել պետական ծրագրում և ինչ ընթացակարգով է ընտրվել որպես գործատու։ Ներկայացված տվյալներով՝ 2024 թվականի փետրվարի 29-ին կնքվել են առնվազն երկու պայմանագրեր (ԼՂ2-06-1053-2024 և ԼՂ2-08-1053-2024) ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության հետ։
Յուրաքանչյուր պայմանագրի շրջանակում նախատեսված է մոտ 645,000 դրամ ֆինանսավորում՝ որպես դրամաշնորհային ծախս։ Ծրագրի տրամաբանությամբ՝ պետությունը փոխհատուցում է գործատուին շահառուի աշխատավարձը և հարակից ծախսերը՝ վերջինիս աշխատանքային փորձ ապահովելու նպատակով։
Միաժամանակ հարց է առաջանում՝ քանի՞ շահառուի համար են կնքվել պայմանագրերը, որքան է ընդհանուր ստացված ֆինանսավորումը, և ինչպե՞ս է իրականացվել գործատուների ընտրությունը։ Պայմանագրերով՝ Սեդրակյանը պարտավորվում է շահառուներին ընդունել աշխատանքի առնվազն 6 ամիս ժամկետով, կազմակերպել նրանց մասնագիտական փորձը։
Այստեղ ևս հստակություն է անհրաժեշտ՝ արդյո՞ք այդ աշխատանքային գործունեությունը փաստացի իրականացվել է ամբողջ ծավալով, թե՞ կա ձևական ներգրավման ռիսկ, որը հաճախ դիտարկվում է նման ծրագրերի շրջանակում։
Փաստաթղթերում ներկայացված տվյալների համաձայն՝ Արուսյակ Սեդրակյանը եկամուտ է ստացել նաև այլ աղբյուրներից․ շուրջ 496,420 դրամ՝ ձեռնարկատիրական գործունեությունից, 982,913 դրամ՝ «Մարտիկ» հիմնադրամից։ Թե ինչ ծառայությունների դիմաց է իրականացվել Արուսյակ Սեդրակյանի ԱՁ-ին վճարումը, այստեղ ևս թափանցիկություն չկա։
Հիշեցնենք՝ «Մարտիկ» հիմնադրամը, որպես բանակին աջակցող բարեգործական կառույց, դեռևս 2018 թվականին հայտնաբերված չարաշահումների և գումարների վատնման փաստերով տարիներ շարունակ գտնվել է իրավական և հանրային ուշադրության կենտրոնում։ Թեև հիմնադրամի գործունեությունը պաշտոնապես չի դադարեցվել, սակայն 2019-ից հետո դրա ակտիվ գործունեության մասին գրեթե հրապարակումներ չկան։
Ուշագրավ է նաև փաստաթղթերում առկա հասցեների և կապերի համընկնումը։ Այսպիսով՝ համընկնում են թե՛ ԱՁ-ի գրանցման հասցեն, թե՛ ընտանիքի բնակության հասցեն, և թե՛ որոշ այլ բիզնես կառույցների հասցեները։ Հաշվի առնելով, որ խոսքը վերաբերում է գործող բարձրաստիճան պաշտոնյայի ընտանիքի անդամին, այստեղ ևս ողջամիտ հարց է առաջանում՝ արդյոք պետական ծրագրում ներգրավվածությունը որևէ կերպ կապվա՞ծ է Վլադիմիր Կիրակոսյանի գործոնի հետ։
Այդուհանդերձ, փաստաթղթերի ուսումնասիրությունը թույլ է տալիս ընդհանուր պատկերացում կազմել Էկոպարեկային ծառայության ղեկավար Վլադիմիր Կիրակոսյանի կնոջ՝ Արուսյակ Սեդրակյանի գործունեության, պետական ծրագրերում կարճ ժամանակաընթացքում ներգրավվածության և ֆինանսական հոսքերի վերաբերյալ։
Թեև գործընթացը համապատասխանում է գործող ծրագրերի մեխանիզմներին, սակայն որոշ հարցեր մութ են մնում։
Հիշեցնենք՝ Oragir.News-ն իր նախորդ հրապարակման մեջ անդրադարձել էր ՇՄՆ էկոպարեկային ծառայության ղեկավար Վլադիմիր Կիրակոսյանի կենսագրության մի դատական դրվագի, որը վերաբերում է չվճարված համայնքային պարտավորությանը՝ մասնավորապես աղբահանության համար սահմանված վճարներին, որը տեղի է ունեցել մինչև նրա պետական պաշտոն զբաղեցնելը։







