Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի երկկողմ հանդիպման հստակ ժամը դեռ որոշված չէ։ Կողմերը կփորձեն փոխզիջումային տարբերակ գտնել։ Այս մասին, ԱՊԱ գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ Պուտինն ու Թրամփը նախատեսում են քննարկել ընթացիկ միջազգային հարցերը՝ առաջնահերթ ուշադրություն դարձնելով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին։ Չի բացառվում նաև Իրանի թեմայի ընդգրկումը բանակցությունների օրակարգում։
Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահը հրավեր է ստացել մասնակցելու «Մեծ քսանյակի» գագաթնաժողովին։ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում Թրամփի հետ զրույցի ընթացքում կարող է քննարկվել նաև Պուտինի մասնակցության հարցը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները ժամանել են Չինաստան՝ մասնակցելու գագաթնաժողովին։ Նախատեսվում են նաև եռակողմ բանակցություններ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի մասնակցությամբ։