«Մտնում ենք ԹՐԻՓՓ նախագծի գործնական փուլ». Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել հարավային հատվածի սահմանազատումից և Ալիևի հետ հանդիպումից

Հայաստանի հարավային հատվածում սահմանազատման և սահմանագծման աշխատանքները դառնալու են ԹՐԻՓՓ նախագծի իրագործման գործնական փուլի կարևորագույն հանգրվանը։ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հայ-ադրբեջանական սահմանազատման և խաղաղության պայմանագրի գործընթացներին վերաբերող հարցին:

Վարչապետի խոսքով՝ հարավային հատվածում սահմանազատումն անհրաժեշտ է տարածաշրջանային հաղորդակցությունների և ենթակառուցվածքների՝ մասնավորապես խողովակաշարի, երկաթուղու և ավտոճանապարհի կառուցման համար։

«Մտնում ենք ԹՐԻՓՓ նախագծի իրագործման գործնական փուլ։ Այն ուղղություններով, որոնց մասին նախկինում խոսվել և քննարկվել է, քայլ առ քայլ առաջ ենք շարժվում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով նոյեմբերի 12-ին Դուբլինում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած հանդիպմանը՝ վարչապետը տեղեկացրել է, որ կողմերը վերահաստատել են նախկինում ձեռք բերված նախնական համաձայնությունները։

Փաշինյանը հավելել է, որ քաղաքական բարձրագույն մակարդակում ձեռք բերված պայմանավորվածությունների հետագա իրագործումն արդեն երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների տիրույթում է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *