Թրամփը սպառնացել է ամբողջությամբ ոչնչացնել Իրանը


Աշխարհ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ միջուկային ծրագրի սահմանափակումների պայմաններում Թեհրանը կարող է կենտրոնանալ քիմիական և կենսաբանական զենքի մշակման վրա։ «Նշաններ կան, որ Իրանը հետաքրքրված է գազային և կենսաբանական զենքերով, քանի որ մենք նրանց փակել ենք միջուկային զենքի ճանապարհը։ Միջուկային զենքը շատ ավելի դժվար է ստեղծել։ Այժմ նրանք դիտարկում են գազային և կենսաբանական զենքի, ինչպես նաև այլ միջոցների հնարավորությունները։ Սա լավ բան չէ։ Կտեսնենք՝ ինչ կլինի», – հայտարարել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը նաև սպառնացել է ամբողջությամբ ոչնչացնել Իրանին, եթե վերջինս, ըստ շրջանառվող տեղեկությունների, ԱՄՆ տարածքում իրականացնի «կեղտոտ ռումբի» հարձակում։

Հարցին՝ արդյոք Վաշինգտոնի բնակիչները պետք է մտահոգվեն նման սպառնալիքով, Թրամփը պատասխանել է. «Չեմ կարծում։ Բայց եթե դա տեղի ունենա, մենք կոչնչացնենք նրանց»։

Միաժամանակ Թրամփը հաստատել է, որ Իրանի հետ շփումները շարունակվում են. «Այո՛, մենք խոսում ենք նրանց հետ։ Նրանք ցանկանում են համաձայնության գալ, բայց ես ուզում եմ այնպիսի համաձայնագիր, որը երկարատև կլինի», – նշել է նա։

Թրամփը նաև անդրադարձել է նախկինում քննարկված փոխըմբռնման հուշագրին (MOU)՝ այն անվանելով ժամանակի վատնում։ Նրա խոսքով՝ այդ գործընթացը որոշ չափով հետաձգել է իրադարձությունները, սակայն սխալ չի եղել, քանի որ ԱՄՆ-ին հնարավորություն է տվել ավելի լավ ճանաչել իրանական կողմին. «Մենք շատ լավ ճանաչեցինք նրանց և հասկացանք, որ նրանց չի կարելի վստահել», – հայտարարել է Թրամփը։

Հարցին՝ արդյոք սա է պատճառը, որ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հեռացվել է Իրանի հետ բանակցություններից, Թրամփը պատասխանել է, որ դա այդպես չէ՝ ընդգծելով, որ Վենսը լավ աշխատանք է կատարում։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *