Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը դրական փոփոխություն է անվանել Երևանի և Բաքվի ցանկությունը՝ նախագահել կազմակերպությունում․ գրում է ТАСС-ը։
«Մենք տեսնում ենք դրական փոփոխություններ ԱՊՀ-ում։ Անկախ պետությունների համագործակցության պատմության մեջ առաջին անգամ Ադրբեջանն ու Հայաստանը հայտարարել են նախագահելու իրենց իրավունքի մասին։ Սա նախկինում երբեք տեղի չի ունեցել՝ հայտնի պատճառներով։ Կար հակամարտություն, մի պետության ներկայացուցիչները հրաժարվում էին մասնակցել, և կային այլ դժվարություններ շփումների հարցում։ Հիմա, և ես ինքս եմ տեսնում, հարաբերությունները լիովին փոխվել են», – նշել է Լեբեդևն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստից հետո։
Նա հիշեցրել է, որ Տաջիկստանը նախագահությունը կստանձնի 2027 թվականին, իսկ հետո, ըստ նրա, էստաֆետը կանցնի Ադրբեջանին։
«Ղարաբաղի խնդիրը լուծվել է, և որոշ քննարկումներ են անցկացվում սահմանային հարցերի վերաբերյալ, որոնք, ցավոք, դեռևս ցավոտ են։ Սակայն ամեն ինչ ընթանում է դեպի այն, որ Ադրբեջանն ու Հայաստանը դառնան Անկախ պետությունների համագործակցության լիիրավ անդամներ։ Նրանք նաև ցանկություն են հայտնել նախագահելու», – նշել է նա։