Սպիտակ տան կիբեռանվտանգության հարցերով տնօրեն Շոն Քերնքրոսը լքում է իր պաշտոնը․ հայտնում է Axios-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։
Նրանց խոսքով՝ Քերնքրոսը չի ցանկացել մնալ իր պաշտոնում ևս երկու տարի և հեռանում է հիմա, որպեսզի Սպիտակ տանը ժամանակ տա ապահովելու Սենատի աջակցությունը՝ նախքան հունվարին դեմոկրատների իշխանության գալը։
Պորտալը Քերնքրոսի հեռանալը որակում է որպես բարեկամական։ Պորտալը նշում է, որ կիբեռանվտանգության ոլորտում կադրերի փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ երկիրը բախվում է կենսական նշանակության ենթակառուցվածքների աշխատանքի խափանումների և գնալով ավելի հզորացող արհեստական բանականության, որը պատրաստ է ընդլայնել ինչպես կիբեռպաշտպանների, այնպես էլ հաքերների հնարավորությունները։
Ավելի վաղ CNN-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել է, որ Ազգային անվտանգության գործակալության (NSA) գաղտնի կապի ցանցը, որը նախատեսված է զգայուն տեղեկատվություն փոխանցելու համար, դադարել է աշխատել։
Անցյալ շաբաթ խոշոր խափանումն ազդել է ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչության (FAA) հեռահաղորդակցության համակարգերի, ինչպես նաև Microsoft Corp.-ի ծառայությունների վրա։
Միևնույն ժամանակ՝ Սպիտակ տունը Քիրստեն Դեյվիսին նշանակել է կիբեռանվտանգության հարցերով նոր գլխավոր տնօրեն․ հաղորդում է Axios-ը՝ հղում անելով գործին ծանոթ աղբյուրներին։
«Քիրստենն ունի այս դերում հաջողության հասնելու համար անհրաժեշտ փորձը, և նա արդեն հաստատվել է Սենատի կողմից», – նշել է նախագահի վարչակազմի պաշտոնյան։
Ըստ տեղեկությունների՝ Դեյվիսը նախկինում եղել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի գլխավոր խորհրդականը՝ «տեղեկատվության կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների, կիբեռանվտանգության և տեղեկատվության ապահովման հետ կապված բոլոր հարցերով»։
Մինչև Թրամփի վարչակազմին միանալը՝ Դեյվիսն աշխատել է Unilever-ում՝ «ղեկավարելով աշխարհի խոշորագույն սպառողական ապրանքների ընկերություններից մեկի գլոբալ կիբեռանվտանգությունը»։