The New York Times-ը որպես Գոհաբանության օրվա տոնական սեղանի հիմնական ուտեստ առաջարկում է հայկական ղափաման

Ամերիկյան The New York Times պարբերականը որպես Գոհաբանության օրվա տոնական սեղանի հիմնական ուտեստի՝ տապակած հնդկահավի այլընտրանք առաջարկել է հայկական ավանդական խափաման, սակայն՝ յուրօրինակ մոտեցմամբ։

«Այս տպավորիչ ուտեստը, որը նախատեսված է Գոհաբանության օրվա տոնական սեղանի կենտրոնական զարդը դառնալու համար, պատրաստված է հայկական տոնական ուտեստի՝ խափամայի օրինակով։ Խափաման աշնանային ուտեստ է․ թեև դրա պատրաստման տարբերակները բազմաթիվ են, այն սովորաբար մեղրով պատված, ջեռոցում թխված դդում է՝ լցոնված բրնձով, ընկույզով և չրերով, օրինակ՝ ծիրանի ու բալի»,– գրել է բաղադրատոմսի հեղինակը՝ The New York Times-ի խոհարարական բաժնի խմբագիր Տանյա Սիչինսկին։

Խափամայի սեփական տարբերակը ստեղծելիս Սիչինսկին դիմել է նաև Իրանի և Արևելքի երկրների խոհարարական ավանդույթներին։ Նա խորհուրդ է տալիս միջուկին ավելացնել՝ ոսպ, չորացրած լոռամրգի, եղեսպակ, խնձոր և տապակած սոխ, իսկ մեղրի փոխարեն օգտագործել է թխկու օշարակ։

Հեղինակը խորհուրդ է տալիս մատուցել ամբողջական թխված դդումը՝ այն կտրատելով անմիջապես տոնական սեղանի շուրջ։ Բաղադրատոմսը նախատեսված է 8-10 բաժնի համար։

ԱՄՆ-ում Գոհաբանության օրը նշվում է նոյեմբերի 26-ին։ Տոնական սեղանի ավանդական գլխավոր ուտեստը տապակած հնդկահավն է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *