Հանրային ռադիոյի ֆեյսբուքանը էջը հայտնում է վավերագրող օպերատոր Գագիկ Սիմոնյանի մահվան մասին։ Հայտարարության մեջ նշվում է.
«Խոր վշտով տեղեկացանք Հանրային ռադիոյի լրատվական ծառայության վիդեոարտադրանքի պրոդյուսեր, անվանի հեռուստաօպերատոր և վավերագրող Գագիկ Սիմոնյանի անժամանակ մահվան մասին։
Գագիկ Սիմոնյանն իր մասնագիտական ողջ կյանքը նվիրել է հեռուստատեսությանը, լրագրությանը և վավերագրական արվեստին։ Նա երկար տարիներ աշխատել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում՝ որպես օպերատոր, եղել լրատվական ծրագրերի գլխավոր ռեժիսոր, ինչպես նաև «Երևան» հեռուստաֆիլմերի ստուդիայի գլխավոր պրոդյուսեր։
Նրա տեսախցիկը վավերագրել է մեր նորագույն պատմության ամենաճակատագրական էջերը։ 1988 թվականից նա եղել է պատմական իրադարձությունների էպիկենտրոնում՝ իր մասնագիտական առաքելությունը կատարելով նաև պատերազմի դաշտում։ Նա այն մարդկանցից էր, որոնք ոչ միայն արձանագրում էին պատմությունը, այլև իրենց աշխատանքով դառնում դրա անմիջական մասնակիցն ու վկան։
Գագիկ Սիմոնյանի թողած հարուստ մասնագիտական ժառանգությունը, նրա ստեղծած վավերագրական կադրերն ու մարդկային կերպարը կմնան գործընկերների, հեռուստադիտողների և հայկական մեդիադաշտի հիշողության մեջ։
Հանրային ռադիոյի ողջ աշխատակազմը խորապես ցավակցում է Գագիկ Սիմոնյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին և գործընկերներին։
Նրա տեսախցիկն այլևս չի արձանագրի նոր պատմություններ, բայց նրա թողած կադրերը հավերժ կպատմեն մեր պատմությունը։
Լույսերի մեջ մնաս, սիրելի Գագի՛կ»։