Կշարունակենք և տրամաբանական ժամկետներում ավարտին կհասցնենք ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատումը:
Այս մասին ԱԱԾ սահմանապահ զորքերի կազմավորման օրվա առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«ՀՀ անկախությունից ի վեր առաջին անգամ ՀՀ բոլոր սահմանային անցման կետերը վերահսկվում են և այնտեղ ծառայություն իրականացվում է ՀՀ սահմանապահ զորքերի կողմից: Արդեն 2 տարի Ադրբեջանի հետ ունենք սահմանազատված և սահմանագծված 12 կմ-անոց սահմանային հատված, որտեղ ծառայություն են իրականացնում ՀՀ սահմանապահ զորքերը:
Այդ 12 կմ-ը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանի թերևս միակ հատվածն է, որտեղ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները ծառայություն են իրականացնում առանց սաղավարտների, առանց զրահաբաճկոնների, իսկ ինքնաձիգների պահունակները ոչ թե ինքնաձիգների վրա են, այլ պայուսակների մեջ դրած»,- նշել է Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը, խոսելով օրակարգի մասին, հավելել է, որ Վրաստանի հետ սահմանազատման հարց կա և վրաց գործընկերների հետ ունեն պայմանավորվածություններ: