Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուսական բանակի վերջին հարվածները վկայում են նոր մարտավարության՝ Օդեսան և Օդեսայի մարզը, ինչպես նաև Դնեպրի տարածաշրջանն էներգիայի աղբյուրներից կտրելու ձգտման մասին․ հայտնում է BBC-ն։
«Այնտեղ իրավիճակը շատ բարդ է, և կան զգալի անջատումներ։ Օդեսայում վերականգնել են կենսական նշանակության ենթակառուցվածքների էլեկտրամատակարարումը, անում են ամեն ինչ, որպեսզի լինի այլընտրանքային մատակարարում»,- ասել է Զելենսկին։
Ռուսական հարվածներից հետո վնասները վերացվում են նաև Խարկովի և Պոլտավայի մարզերում։
Զելենսկիի խոսքով՝ վերանորոգման համար կան սարքավորումներ և ռեսուրսներ։
Ուկրաինայի իշխանությունները նաև փորձում են էներգետիկ օբյեկտների վերանորոգմանը ներգրավել այս ոլորտում աշխատանքային փորձ ունեցող զինվորականների։