Սահմանադրության մեջ փոփոխություններն անպատասխան հարցեր են առաջացնում. Տիգրան Դումիկյան

Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը, իմ կարծիքով, առաջին հերթին այն մասին է, թե ինչ պետություն ենք ուզում կառուցել, ինչ արժեքների վրա պետք է հիմնվի մեր պետականությունը և որքանով ենք պատրաստ վերանայել այն սկզբունքները, որոնց հիման վրա վերականգնել ենք մեր անկախությունը։ Այս մասին գրում է վերլուծաբան Տիգրան Դումիկյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ինձ համար այս նախագծի ամենախնդրահարույց դրույթը Անկախության հռչակագրի հետ սահմանադրական կապի վերացումն է։ Պետք է հասկանանք, որ Անկախության հռչակագիրը Հայաստանի պատմության հերթական փաստաթուղթը չէ։ Այն մեր անկախ պետականության վերականգնման հիմքն է, այն քաղաքական կամքի արտահայտությունը, որով հայ ժողովուրդը հռչակեց անկախ պետականություն ունենալու իր որոշումը։ Հռչակագիրը մեր նորագույն պետականության պատմության և ինքնության անբաժանելի մասն է։ Իհարկե, Սահմանադրության մեջ հղման բացակայությունն ինքնին չի նշանակում, որ Հայաստանը հրաժարվում է իր անկախությունից կամ ինքնիշխանությունից։ Բայց դա չի վերացնում այդ քայլի քաղաքական և խորհրդանշական նշանակությունը։ Հետևապես՝ ինչո՞ւ է անհրաժեշտ վերանայել այդ կապը, և ի՞նչ ենք դրանով փորձում փոխել։ Հանուն խաղաղությա՞ն… Այո՛, խաղաղությունը Հայաստանի համար կենսական անհրաժեշտություն է։ Դրա կարևորությունը ոչ ոք չի կարող վիճարկել։ Բայց խաղաղության հասնելու ձգտումը չպետք է նշանակի սեփական պատմության, պետականության հիմքերի կամ ազգային արժեքների վերանայում՝ արտաքին պահանջներին համապատասխանելու համար։ Պետք է տարբերենք խաղաղության ձգտումը սեփական սկզբունքներից հրաժարվելուց։ Խաղաղությունը պետք է ամրապնդի մեր պետականությունը, ոչ թե թուլացնի այն։ Մտահոգիչ է նաև «հայ ժողովուրդ» ձևակերպումը «Հայաստանի Հանրապետության ժողովուրդ» ձևակերպմամբ փոխարինելու հարցը։ Հասկանալի է, որ ժամանակակից ժողովրդավարական պետության հիմքում քաղաքացիների քաղաքական համայնքն է։ Բայց Հայաստանի դեպքում հարցն այդքան էլ միանշանակ չէ։ Մեր պետականությունը ձևավորվել է ոչ միայն Հայաստանի տարածքում ապրող քաղաքացիների, այլև մեր պատմական փորձի, ազգային ինքնության և համահայկական շարունակականության հիման վրա։ Ես չեմ կարծում, որ քաղաքացիական պետականությունն ու ազգային ինքնությունը պետք է հակադրել իրար։ Մենք կարող ենք ունենալ ժամանակակից, ժողովրդավարական պետություն՝ միաժամանակ պահպանելով մեր պատմական հիշողությունը, ազգային ինքնությունն ու կապը Սփյուռքի հետ։ Սրանք իրար բացառող արժեքներ չեն, այլ ճիշտ հակառակը։ Մյուս փոփոխություններն էլ անպատասխան հարցեր են առաջացնում։ Դատավորների համատարած վերագնահատումը կարող է անհրաժեշտ լինել, բայց եթե այն իրականացվի քաղաքական ազդեցության պայմաններում, վտանգի տակ կհայտնվի դատական իշխանության անկախությունը։ Այստեղ ամենակարևորը ոչ թե գործընթացի անվանումն է, այլ դրա իրական անկախությունն ու արդարությունը։ Քաղաքացիությունից զրկելու հնարավորության սահմանադրական ամրագրումն էլ շատ լուրջ մոտեցում է պահանջում։ Նման հարցում ցանկացած անորոշություն կարող է հանգեցնել մարդու հիմնարար իրավունքների խախտման։ Արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի սահմանափակումը նույնպես մտահոգիչ է։ Հայաստանի քաղաքացին քաղաքացի է մնում՝ անկախ նրանից, թե որտեղ է բնակվում։ Հետևաբար, նրա քաղաքական իրավունքների սահմանափակումը լուրջ հիմնավորման կարիք ունի։ Ավելին՝ նման մոտեցումը կարող է ավելի հեռացնել Սփյուռքը Հայաստանի քաղաքական կյանքից, այն դեպքում, երբ մենք պետք է մտածենք հակառակ ուղղությամբ՝ ինչպես մեծացնել այդ մասնակցությունը։ Մտահոգություն է առաջացնում նաև վարչապետի լիազորությունների ընդլայնումը զինված ուժերի նկատմամբ։ Անվտանգության հարցերում արդյունավետ կառավարումն, անշուշտ, կարևոր է, բայց նույնքան կարևոր են իշխանության հակակշիռներն ու խորհրդարանական վերահսկողությունը։ Զինված ուժերի նկատմամբ վերահսկողությունը չպետք է հանգեցնի իշխանության չափազանց կենտրոնացման։ Այս բոլոր հարցերը, իմ կարծիքով, պետք է դիտարկել միասին։ Սահմանադրությունը չպետք է դառնա տվյալ իշխանության քաղաքական ծրագրերին կամ արտաքին քաղաքական իրավիճակի փոփոխություններին հարմարեցվող փաստաթուղթ։ Այն պետք է ծառայի պետությանը՝ անկախ նրանից, թե ով է իշխանության ղեկին և ինչ քաղաքական իրավիճակ է երկրում։

Ընդհանրացնելով՝ եւս մեկ անգամ ձեր ուշադրությանն եմ ներկայացնում իշխանության՝ Անկախության հռչակագրի և Սահմանադրության միջև առկա սահմանադրական կապը վերացնելու մտադրության վերաբերյալ իմ ավելի վաղ արտահայտած մտահոգությունը»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *