Տաջիկստանը սկսել է Հռոմի ստատուտը չեղյալ հայտարարելու գործընթացը՝ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) իրավասությունից դուրս գալու նպատակով։
Այս մասին նշվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի անունից տարածված հայտարարությունում։
Տեղեկատվության համաձայն՝ Դուշանբեն արդեն ներկայացրել է համապատասխան ծանուցումը ՄԱԿ-ին։
Հռոմի ստատուտի դրույթների համաձայն՝ ՄՔԴ-ից դուրս գալու երկրի որոշումն ուժի մեջ կմտնի ծանուցումը ներկայացնելուց մեկ տարի անց։ Այսպիսով՝ 2027 թվականի նոյեմբերի 20-ին Տաջիկստանը պաշտոնապես կդադարի լինել ՄՔԴ անդամ պետություն։
Նշենք, որ Հռոմի ստատուտը Միջազգային քրեական դատարանի գործունեությունը կարգավորող հիմնական միջազգային պայմանագիրն է։ Այս փաստաթուղթը վավերացնող պետությունները ճանաչում են դատարանի իրավասությունը և պարտավորվում են կատարել դրա որոշումները, այդ թվում՝ ձերբակալման օրդերները։