Փաստաբան Ռոման Երիցյանն ահազանգում է ճանապարհային ոստիկանության անունից համակարգչային խարդախության մասին։
«Հորդորում եմ բոլորին զգոն լինել և չտրվել Ճանապարհային ոստիկանության անունից ուղարկվող կեղծ SMS հաղորդագրություններին, որոնց օրինակները տեղադրել եմ մեկնաբանություններում։
Միայն այսօրվա ընթացքում արդեն 10-րդ ահազանգն եմ ստանում քաղաքացիներից, որոնց բանկային քարտերից անհայտ անձինք հափշտակել են առկա ամբողջ գումարը»,– գրել է փաստաբանը։
Նա կոչ է արել չսեղմել նման հաղորդագրություններում առկա հղումները և չտրամադրել բանկային քարտերի տվյալները։
«Ճանապարհային ոստիկանությունը նման բովանդակությամբ հաղորդագրություններ քաղաքացիներին չի ուղարկում, առավել ևս՝ ինչ-որ անհայտ iCloud էլեկտրոնային հասցեներից։
Օգտագործելով պետական մարմնի անունը, անհայտ անձինք փորձում են մոլորեցնել քաղաքացիներին և հասանելիություն ստանալ նրանց բանկային միջոցներին։
ՀՀ ներքին գործերի նախարարություն, խնդրում եմ անհապաղ և պաշտոնապես արձագանքել ստեղծված իրավիճակին՝ հանրությանը նախազգուշացնելով տարածվող մոլորության մասին»,– հավելել է Երիցյանը: