Վրաստանում որոշում է կայացվել արգելել փոխնակ մայրությունը


Հարեվաններ


Վրաստանում որոշում է կայացվել արգելել փոխնակ մայրությունը։ Այս մասին հայտարարել է խորհրդարանական մեծամասնության ղեկավար Իրակլի Կիրցխալիան՝ մեծամասնության նիստից հետո։ Նրա խոսքով՝ այդ հարցի շուրջ նրանք ակտիվորեն համագործակցում են Վրաց Ուղղափառ Եկեղեցու պատրիարքարանի հետ, և մոտ ապագայում կներկայացվի համապատասխան օրինագիծ։

Իրակլի Կիրցխալիան պարզաբանել է, որ այս որոշման հիմքում ընկած են փոխնակ մայրության հետ կապված էական էթիկական և իրավական ռիսկերը, մասնավորապես՝ մարդկանց թրաֆիքինգի, կանանց հնարավոր շահագործման և երեխաների իրավունքների պաշտպանության հետ կապված մտահոգությունները։

Ըստ քաղաքական գործչի՝ նրանք պատրաստ են լսել փաստարկներ և պատասխանել ցանկացած հարցի, եթե հետաքրքրություն լինի։

«Այժմ աշխատանքներ են տարվում օրինագծի ուղղությամբ, և ժամանակի ընթացքում ավելի շատ մանրամասներ հայտնի կդառնան»,- ասել է պատգամավորը։ Նրա հավաստմամբ՝ փոխնակ մայրությունն արգելված է կամ առնվազն ենթակա է չափազանց խիստ կարգավորման գրեթե բոլոր երկրներում, այդ թվում՝ Եվրոպական միության անդամ պետություններում:

Իրակլի Կիրցխալիան նշել է, որ այսօրվա որոշումը չի վերաբերում արհեստական բեղմնավորմանը: Այն կմնա անփոփոխ՝ մի շարք պատճառներով և գործոններով պայմանավորված, և կշարունակի ենթարկվել խիստ կարգավորման:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *