Իմ մրցաշրջանն անսպասելիորեն ավարտվեց, և ես պարզապես փորձում եմ գիտակցել կատարվածը. Խավի Սիմոնս


Սպորտ


Լոնդոնի «Տոտենհեմի» և Նիդերլանդների ազգային հավաքականի կիսապաշտպան Խավի Սիմոնսը հայտնել է, որ ստացել է լուրջ վնասվածք, որի պատճառով ստիպված կլինի բաց թողնել 2026 թվականի Աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը։

23-ամյա ֆուտբոլիստը սոցիալական ցանցերի իր էջերում հուզիչ գրառում է կատարել. «Ասում են՝ կյանքը երբեմն դաժան է լինում, և այսօր ես դա զգում եմ սեփական մաշկիս վրա: Իմ մրցաշրջանն անսպասելիորեն ավարտվեց, և ես պարզապես փորձում եմ գիտակցել կատարվածը: Անկեղծ ասած՝ սիրտս կոտրված է: Այս ամենում ոչ մի տրամաբանություն չկա: Միակ բանը, ինչ ես ցանկանում էի՝ իմ թիմի համար պայքարելն էր, և հիմա այդ հնարավորությունն ինձնից խլված է… Աշխարհի առաջնությանը մեկնելու շանսի հետ միասին:

Այս ամռանը ներկայացնել իմ երկիրը… այս հնարավորությունն այլևս բաց է թողնված: Ժամանակ կպահանջվի սրա հետ համակերպվելու համար, բայց ես կշարունակեմ լինել լավագույն թիմակիցը, որքան որ կարող եմ: Չեմ կասկածում, որ միասին մենք կհաղթենք այս ճակատամարտում: Ես կանցնեմ այս ճանապարհը՝ առաջնորդվելով հավատով, ուժով, համառությամբ և վստահությամբ՝ հաշվելով օրերը մինչև խաղադաշտ վերադառնալս: Համբերատար եղեք իմ հանդեպ»:

Սիմոնսը ծնկի խաչաձև կապանի վնասվածք է ստացել Անգլիայի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրի՝ «Վուլվերհեմփթոնի» դեմ կայացած հանդիպման ժամանակ (1:0): Նա փոխարինվել է 63-րդ րոպեին, ընդ որում՝ ֆուտբոլիստին խաղադաշտից դուրս են բերել պատգարակով:

Նշենք, որ 2025/26 մրցաշրջանում Սիմոնսը «Տոտենհեմի» և «Լայպցիգի» կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: Նիդերլանդների ազգային հավաքականի մարզաշապիկով տաղանդավոր կիսապաշտպանը հասցրել է մասնակցել 34 հանդիպման՝ ակտիվում գրանցելով 6 գոլ և 5 արդյունավետ փոխանցում:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *