
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Կատարի վարչապետ, ԱԳ նախարար Շեյխ Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանին Վաշինգթոնում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են Մերձավոր Արևելքում սպառնալիքների կանխարգելման և կայունության ապահովման հարցերը։ Այս մասին նշվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության տարածած գրավոր հայտարարության մեջ։
Հայտարարության համաձայն՝ Ռուբիոն շնորհակալություն է հայտնել Կատարին միջազգային մակարդակով միջնորդական ջանքերի համար և ընդգծել սպառնալիքների կանխարգելման, ինչպես նաև Մերձավոր Արևելքում կայունության ու անվտանգության ապահովման նպատակով հետագա սերտ համագործակցության կարևորությունը։
Փաստաթղթում նշվում է, որ Ռուբիոն և Ալ Թանին սկսել են ԱՄՆ-Կատար ռազմավարական երկխոսության ութերորդ փուլը։ Նրանք նաև վերահաստատել են երկու երկրների գործընկերային հարաբերությունների ամրությունը և քննարկել տնտեսության ու անվտանգության ոլորտներում համագործակցության խորացման հարցերը։
Կատարը ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցություններում առանցքային միջնորդներից մեկն է։