

«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» (ՀԿՀԱԱՇՄ) ՀԿ–ն իրականացրել է հետազոտություն՝ գնահատելու ավանդական գիտելիքների ներդրումը կենսաբազմազանության պահպանման գործում՝ հաշվի առնելով գենդերային ասպեկտը։ «Էրեբունի» պետական արգելոցին հարակից համայնքներում անցկացված հետազոտության արդյունքները վկայում են զգալի բացի մասին. մի կողմից առկա են ավանդական էկոլոգիական գիտելիքներ, իսկ մյուս կողմից՝ դրանք պատշաճ կերպով չեն ճանաչվում և արդյունավետորեն չեն կիրառվում կենսաբազմազանության պահպանության, ինչպես նաև համայնքային մակարդակում շրջակա միջավայրի կառավարման գործընթացներում։
Ավանդական գիտելիքներն առաջվա պես առկա են առօրյա գործելակերպում, մասնավորապես՝ դեղաբույսերի, ուտելի և թեյաբույսերի հավաքման ու օգտագործման, ժողովրդական բժշկության, սերմերի պահպանման և փոքրածավալ գյուղատնտեսությունում։ Այս գիտելիքները մեծապես հիմնված են տեղական երկարամյա փորձի վրա. բոլոր հարցվողներն իրենց համայնքներում բնակվում են ավելի քան հինգ տարի, իսկ 83,8%-ը 36 տարեկանից բարձր տարիքի է։ Հարցվողների 58,1%-ը կանայք են, որոնք առանձնահատուկ դեր են խաղում որպես բույսերի օգտագործմանը, տնամերձ մշակաբույսերի աճեցմանն ու սերմերի պահպանմանը վերաբերող գիտելիքների կրողներ և փոխանցողներ։
Այնուամենայնիվ, այս գիտելիքները բավարար չափով ինտեգրված չեն ժամանակակից կենսաբազմազանության պահպանման գործելակերպերում: Հարցվածները հիմնականում օգտագործում են ավանդական գիտելիքները բուժիչ նպատակներով, սերմերի պահպանման և տնամերձ հողամասի մշակման համար, մինչդեռ ոչ ոք չի նշել դրանց կիրառումը արոտավայրերի կառավարման կամ կլիմայի փոփոխությանը հարմարվողականության մեջ: Սա ենթադրում է, որ տեղական արժեքավոր փորձը դեռևս թերօգտագործված է էկոհամակարգերի կառավարման և համայնքի դիմակայունության ամրապնդման գործում:
Արդյունքները նաև արտացոլում են աճող բնապահպանական մտահոգությունները: Հարցվածների ավելի քան երկու երրորդը (67,7%) նշել է բուսատեսակների անկումը, մինչդեռ մյուսները նշել են հողի ճաքճքումը, անապատացումը և առանձին տեսակների անհետացումը: Այս դիտարկումները ցույց են տալիս, որ բնակիչներն ականատես են լինում էկոհամակարգերի փոփոխությունների, որոնցից կախված են ավանդական սովորույթները և տեղական կենսամիջոցները: Ռեսուրսների ոչ բավարար լինելը նույնպես ակնհայտ է անասնապահությունում. անասնապահությամբ զբաղվող հարցվածների 61,1%-ը առկա խոտածածկույթի ռեսուրսները համարել է անբավարար, որոշ տնային տնտեսություններ լրացուցիչ խոտ են գնում կամ կեր են հավաքում լեռնային տարածքներից, այդ թվում՝ արգելոցին հարակից տարածքներից: Նման պայմանները կարող են մեծացնել բնական բուսականության վրա ճնշումը և նպաստել ավանդական գյուղատնտեսական գործելակերպերի թուլացմանը, մասնավորապես այն պատճառով, որ երիտասարդ սերունդներն աշխատանք են փնտրում իրենց համայնքներից դուրս:
Հատկապես կարևոր եզրահանգումներից մեկը վերաբերում է գիտելիքների առկայության և մասնակցության միջև գենդերային անհամապատասխանությունը։ Չնայած կանայք ավանդական էկոլոգիական գիտելիքների կարևոր կրողներ են, հարցվածների 67,7%-ը նշել է, որ կանայք չեն մասնակցում բնապահպանական գործունեությանը, և միայն մեկ հարցված է հայտնել պատահական մասնակցության մասին։ Սա ենթադրում է, որ հիմնական մարտահրավերը ոչ այնքան կանանց գիտելիքների կամ հետաքրքրության բացակայությունն է, այլ նրանց փորձի սահմանափակ կիրառումը հանրային բնապահպանական նախաձեռնությունների, համայնքային որոշումների կայացման և կենսաբազմազանության կառավարման մեջ։ Չնայած հարցվածներն էկոլոգիական կրթությունը, հանրային նախաձեռնությունները, կայուն գյուղատնտեսությունը և ռեսուրսների պատասխանատու օգտագործումը ճանաչել են որպես այն ոլորտները, որտեղ կանայք կարող են ներդրում ունենալ, ավանդական գիտելիքների պահպանումը չի նշվել որպես հնարավոր ներդրում։ Սա կարող է վկայել կանանց ավանդական գիտելիքների անբավարար ճանաչման մասին՝ որպես բնապահպանական փորձագիտության արժեքավոր ձև։
Հարցումը նաև բացահայտում է տեղեկատվության տրամադրման ու կառավարման ոլորտում բացերը։ Հարցվածների միայն 54,8%-ն էր տեղյակ «Էրեբունի» պետական արգելոցի գոյության մասին, իսկ թունաքիմիկատների թաղման վայրի վերաբերյալ իրազեկվածությունն էլ ավելի ցածր էր (48,4%)։ Այսպիսով, պահպանվող տարածքին մոտ գտնվելն ամենևին չի երաշխավորում, որ բնակիչներն իրազեկ են դրա կենսաբազմազանության արժեքների, պահպանության նպատակների կամ բնապահպանական ռիսկերի մասին։ Տեղեկացվածության ոչ բավարար մակարդակը կարող է նաև սահմանափակել համագործակցության հնարավորությունները բնակիչների, տեղական ինքնակառավարման մարմինների, բնապահպանական կառույցների և արգելոցի վարչակազմի միջև։
Ընդհանուր առմամբ, ստացված արդյունքները վկայում են արժեքավոր ավանդական գիտելիքների, շրջակա միջավայրի վատթարացման ընկալման, կենսական միջոցների ապահովման հարցում դժվարությունների և շրջակա միջավայրի կառավարմանը տեղական համայնքի սահմանափակ մասնակցության համակցության մասին: Մասնավորապես, կանանց գիտելիքներն ու փորձը տեղական մակարդակում բնության պահպանությանն ուղղված գործողություններում բավարար չափով ճանաչված և ներկայացված չեն։ Հետևաբար, առկա է ռիսկ, որ ավանդական գիտելիքները կկորչեն երիտասարդ սերունդների համար և կբացառվեն կենսաբազմազանության պահպանման պաշտոնական գործընթացներից:
Այս համատեքստում հետազոտությունը հիմք է ստեղծում ոչ միայն առկա ավանդական էկոլոգիական գիտելիքների, այլև գիտելիքների, մասնակցության և կառավարման միջև առկա բացի վերաբերյալ։ Այս բացի հաղթահարումը կարող է ամրապնդել կենսաբազմազանության պահպանությունը և համայնքային դիմակայունությունը՝ միաժամանակ ապահովելով, որ կանանց գիտելիքներն ու փորձը ճանաչվեն որպես արժեքավոր ներդրում տեղական բնական պաշարների կայուն կառավարման գործում։
Նոյեմբեր 24, 2026 at 12:30