Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն անդրադարձել է արցախցիների նոր կենսաչափական անձնագրերում ծննդավայրի դիմաց «Ադրբեջան» նշելու որոշմանը։
Նրա խոսքով՝ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) ստանդարտները թույլ են տալիս ծննդավայրի դաշտում նշել ինչպես պետությունը, այնպես էլ քաղաքը կամ բնակավայրը, սակայն Հայաստանի իշխանություններն ընտրել են երկրի անվանումը նշելու տարբերակը։
Սարգսյանը պարզաբանել է, որ որոշումն ընդունվել է միջազգային փորձագետների հետ խորհրդակցությունների և տարբեր երկրների փորձի ուսումնասիրության արդյունքում։
Նախարարի պնդմամբ՝ քաղաքների անվանումների կրկնությունը կամ միջազգային ստանդարտներում դրանց վերաբերյալ տվյալների բացակայությունը կարող է սահմանային խնդիրներ առաջացնել։ Նա նաև նշել է, որ ծննդավայրի դաշտը դատարկ թողնելու տարբերակ նախատեսված չէ։
«Մենք ընտրել ենք երկիրը նշելու տարբերակը՝ հաշվի առնելով ICAO-ի փորձագետների հետ մեր խորհրդակցությունները և տարբեր պետությունների փորձը»,- ասել է Սարգսյանը։