Keron Impact Gala/Paris 2026 – Uniting Lights for Armenia գալա երեկոն Փարիզում


Աշխարհ


Նոյեմբերի 18-ին Փարիզի Four Seasons Hotel George V հյուրանոցում «Կերոն» զարգացման հիմնադրամն անցկացրել է իր առաջին միջազգային Keron Impact Gala/Paris 2026 – Uniting Lights for Armenia գալա երեկոն։ Միջոցառումը համախմբել էր Ֆրանսիայի հայկական համայնքի ներկայացուցիչների, բարերարների, գործարարների, մշակույթի ու առողջապահության գործիչների, ինչպես նաև տեղական ու միջազգային գործընկերների։

Երեկոյի առանցքում Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) գրադարանը ժամանակակից կրթական հարթակի վերափոխելու ծրագիրն էր, որի համար հավաքագրվել է $2 մլն ԱՄՆ դոլար։ Նվիրատվությունները կատարվել են անհատների, կազմակերպությունների, գործընկերների կողմից, ինչպես նաև reArmenia հարթակի միջոցով։ Խոշոր նվիրատվությամբ առանձնացել է Վանիկ Վանունցը՝ ծածկելով ծրագրի բյուջեի գրեթե կեսը։

«Կերոն» հիմնադրամի և ԵՊԲՀ-ի համագործակցությամբ ներկայիս 600 քմ գրադարանը կվերափոխվի 3 000 քմ ժամանակակից ուսումնական, հետազոտական և համագործակցային միջավայրի՝ հասանելի ինչպես մասնագետներին, այնպես էլ լայն հանրությանը։ Նախագծի ճարտարապետական հայեցակարգը մշակել է նիդերլանդական Defesche van den Putte – DVDP ընկերությունը։

Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը, «Կերոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը և ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։ Հյուրերի թվում էին Սերժ Ավետիքյանը, Սերգեյ Սմբատյանը, Արա Բաբլոյանը, Ռոզի Արմենը, Ֆրանսիայի մի շարք քաղաքների քաղաքապետներ ու փոխքաղաքապետեր։

Երեկոյին համատեղ համերգով հանդես են եկել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ու Բժիշկների համաշխարհային նվագախումբը (World Doctors Orchestra), ինչպես նաև Լուսինե Լևոնին և թավջութակահար Աստրիգ Սիրանոսյանը։

2024 թվականից գործող «Կերոն» զարգացման հիմնադրամը նպատակ ունի Հայաստանում խթանել բարեփոխումները՝ կրթության, առողջապահության, մշակույթի, սպորտի և տարածքային զարգացման ոլորտներում։ Հաջորդ Keron Impact Gala-ն նախատեսվում է անցկացնել 2028 թվականին՝ հիմք դնելով երկու տարին մեկ աշխարհի տարբեր քաղաքներում հավաքվելու նոր ավանդույթին։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *