«Չինաստանցի սուպերհայրիկը»․ ֆիզկուլտուրայի ուսուցիչը որդեգրել է շուրջ 300 երեխայի


Աշխարհ


Լյաոնին նահանգի դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Բայ Ցզյանը հայտնի է դարձել որպես «Չինաստանի սուպերհայրիկ»։ Վերջին երեք տասնամյակների ընթացքում 52-ամյա մանկավարժն իր տանիքի տակ է առել, խնամել և կյանքի ուղի հարթել 276 որբ կամ լքված երեխայի համար։

Ամեն ինչ սկսվել է 1995 թվականին, երբ Բայը նկատել է իր աշակերտներից մեկին, որը դասերից փախչում էր սնունդ հայթայթելու նպատակով։ Իմանալով, որ երեխային ծնողները լքել են՝ ուսուցիչը նրան տեղափոխել է իր համեստ կացարան։ Այդ օրվանից նրա տունը, որը նա անվանում է «Երազանքի տուն», դարձել է ապաստարան տասնյակ երեխաների համար։

Բայ Ցզյանն իր դաստիարակության մեթոդի հիմքում դրել է սպորտը։ Նա հավատում է, որ սպորտն արդար է և կոփում է կամքը․ երեխաներն ամեն օր արթնանում են առավոտյան 04:30-ին, անկախ եղանակից՝ նրանք ամեն օր վազում են ավելի քան 12 կիլոմետր, նրա սաներն արդեն նվաճել են շուրջ 1300 մեդալ տարբեր մրցաշարերում։

Այս նվիրումի արդյունքները տպավորիչ են․ նրա որդեգրած երեխաներից ավելի քան 100-ը ստացել են համալսարանական կրթություն, 50-ը դարձել են բարձրակարգ մարզիկներ, շատերը ծառայում են բանակում կամ աշխատում որպես պետական ծառայող։ Նրա սաներից մեկը նույնիսկ ընդունվել է երկրի հեղինակավոր Սինհուայի կամ Պեկինի համալսարանները՝ շնորհիվ վազքի իր բացառիկ տվյալների։

Ուսուցչի անձնական կյանքը հեշտ չի դասավորվել․ նա ամուսնացել է միայն 46 տարեկանում, քանի որ նախկին ընկերուհիներից շատերը չեն ընդունել նրա ապրելակերպն ու նվիրվածությունը։ Այսօր նա արդեն որդի ունի, սակայն շարունակում է նույն եռանդով խնամել իր մեծ ընտանիքի բոլոր անդամներին։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *