Lamborghini-ն ներկայացրել է Temerario Spyder սուպերմեքենայի բաց տանիքով տարբերակը, որն առանձնանում է էլեկտրական ծալվող կոշտ տանիքով և հիբրիդային շարժիչով։ Նոր մոդելի արժեքը մոտ 400 հազար դոլար է։ Մեքենան համալրված է 4 լիտրանոց երկտուրբո V8 շարժիչով և երեք էլեկտրաշարժիչով, որոնց համատեղ հզորությունը հասնում է 920 ձիաուժի։
Նորույթի ամենահետաքրքիր առանձնահատկությունը տանիքի կառուցվածքն է։ Ի տարբերություն սովորական կաբրիոլետների՝ այն ծալվում է ոչ թե հորիզոնական՝ ուղևորների խցիկի հետևում գտնվող հատվածում, այլ ուղղահայաց՝ նստատեղերի թիկնակների հետևում։ Տանիքը բացելու կամ փակելու համար պահանջվում է 17 վայրկյան, իսկ համակարգը կարելի է գործարկել մինչև 50 կմ/ժ արագության դեպքում։
Նոր մոդելի շնորհանդեսը համընկել է Lamborghini-ի կաբրիոլետների 50-ամյակի հետ։ Ընկերության առաջին բաց տանիքով մոդելը Silhouette-ն էր, որը ներկայացվել է 1976 թվականին։