Միջազգային առևտրի աշխարհագրական կենտրոնացվածությունը դարձել է տնտեսական անվտանգության կարևորագույն մարտահրավերներից մեկը։
Hinrich Foundation-ի և IMD World Competitiveness Center-ի «Sustainable Trade Index 2026» հետազոտության շրջանակում ներկայացված տվյալները ցույց են տալիս, թե 30 ընտրված տնտեսություններում արտահանման ընդհանուր արժեքի քանի տոկոսն է բաժին ընկնում հինգ խոշորոագույն գործընկեր երկրներին․
Առաջատարը Մեքսիկան է, որի արտահանման 91.2%-ը կենտրոնացած է հինգ շուկաներում։ Հաջորդում են Լաոսը՝ 89%, և Կանադան՝ 86% ցուցանիշներով։
Մեքսիկայի և Կանադայի պարագայում հատկապես ընդգծված է ԱՄՆ-ի շուկայից կախվածությունը։ Տնտեսական ինտեգրումը նպաստում է արտադրական արդյունավետությանը, սակայն ամերիկյան մաքսատուրքերի կամ պահանջարկի փոփոխությունները կարող են լուրջ հետևանքներ ունենալ այդ երկրների արտահանողների համար։
Բարձր կենտրոնացվածություն ունեն նաև Հոնկոնգը՝ 75.5%, Պապուա Նոր Գվինեան՝ 74.6%, Վիետնամը՝ 72.6%, և Ավստրալիան՝ 67.0%։ Ռուսաստանում ցուցանիշը կազմում է 62%, իսկ Ճապոնիայում՝ 54.9%։
ՖՈՏՈ. Աշխարհի ամենաթանկ սուշիները․ ինչպե՞ս և ինչի՞ց են դրանք պատրաստվում
Հակառակ պատկերն է խոշոր տնտեսությունների դեպքում։ Չինաստանի արտահանման ընդամենը 40.1%-ն է ուղղվում հինգ հիմնական շուկաներին, Մեծ Բրիտանիայում՝ 43.8%, իսկ ԱՄՆ-ում՝ 44.4%։ Սա վկայում է արտահանման ուղղությունների` համեմատաբար լայն աշխարհագրության մասին։
Հայաստանի նման երկրների համար հատկապես կարևոր է արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը։ Նոր շուկաների հասանելիությունը նվազեցնում է առանձին գործընկերներից կախվածությունը և բարձրացնում տնտեսության դիմադրողականությունը։ Սակայն աշխարհագրական դիվերսիֆիկացիան անհրաժեշտ է համատեղել նաև արտահանվող ապրանքների կառուցվածքի բազմազանեցման հետ։