Հովհաննես Այվազովսկու կտավը Լոնդոնի աճուրդում վաճառվել է 1,4 միլիոն դոլարով (լուսանկար)

Հովհաննես Այվազովսկու կտավը Լոնդոնի աճուրդում վաճառվել է 1,4 միլիոն դոլարով

Հովհաննես Այվազովսկու «Վենետիկը գիշերով․ Սան Ջորջո Մաջորե» կտավը Լոնդոնում կայացած աճուրդում վաճառվել է 1,4 միլիոն դոլարով։ Աճուրդի վերաբերյալ տվյալները նշված են Sotheby’s աճուրդի տան կայքում տեղադրված լոտի քարտում։
     Էստոնացի կոլեկցիոների ընտանիքն այս բնանկարը ձեռք էր բերել 19-րդ դարի վերջին Սանկտ Պետերբուրգում և այդ ժամանակվանից ի վեր պահում էր մասնավոր հավաքածուում։ 1862 թվականի ստեղծագործությունը դարձել է ծովանկարչի 10 կտավներից ամենաթանկարժեքը, որոնք վաճառվել են Fabergé, Imperial & Revolutionary Art աճուրդի շրջանակներում։ Կտավների իրացումից ստացված ընդհանուր հասույթը կազմել է շուրջ 4 միլիոն դոլար։
     Նկարչի մյուս աշխատանքները ևս գտել են նոր սեփականատերերի։ «Նեապոլի ծոցը՝ հեռվում երևացող Կապրիով» կտավը գնել են 670 հազար դոլարով։ ԱՄՆ-ում երկար ժամանակ այս նկարը սխալմամբ համարում էին ամերիկացի նկարիչ Էդվարդ Էմերսոն Սիմոնսի աշխատանքը։ «Նավաբեկություն լուսնի լույսի ներքո» և «Ձմեռային բնանկար Ուկրաինայում» կտավներից յուրաքանչյուրը վաճառվել է 587 հազար դոլարով։ Այվազովսկու մնացած վեց կտավները վաճառվել են 26 հազարից մինչև 286 հազար դոլար արժողությամբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *