Բաքուն թույլ չի տվել վրացի հավատացյալներին մտնել Սուրբ Գևորգ եկեղեցի

Ադրբեջանցի ոստիկանները թույլ չեն տվել Սուրբ Գևորգ եկեղեցում աղոթելու եկած վրացի հավատացյալներին մուտք գործել տաճար։ Կախիում բնակվող վրացիները պատմում են, որ ամեն տարի հավաքվում են այդ եկեղեցում, սակայն այս տարի նրանց հայտնել են, որ սրբավայրը փակ է։

«Պիրվելի» հեռուստաալիքի հրապարակած կադրերում երևում է, որ ձեռքներին մոմեր պահած ուխտավորներին կանգնեցրել են եկեղեցի տանող ճանապարհին։ Վրաստանի պատրիարքարանն առայժմ որևէ պարզաբանում չի ներկայացրել տեղի ունեցածի վերաբերյալ։

Եկեղեցու փակմանը նախորդել են պատրիարքարանի հետ չհամաձայնեցված վերականգնողական աշխատանքները, ինչը դժգոհություն էր առաջացրել վրացական եկեղեցու կողմից։

Այս տարվա սեպտեմբերի 24-ին տարածած հայտարարությամբ պատրիարքարանն իր մտահոգությունն էր հայտնել եկեղեցում և դրա հարակից տարածքում իրականացվող աշխատանքների առնչությամբ՝ նշելով, որ թեև եկեղեցին այժմ գտնվում է Ադրբեջանի Հանրապետության տարածքում, այն Վրաստանի և վրացական եկեղեցու պատմական ու հոգևոր ժառանգության կարևոր հուշարձան է։

Պատրիարքարանի գնահատմամբ՝ եկեղեցում և դրա հարակից տարածքում իրականացվող աշխատանքները հարցեր են առաջացնում ինչպես դրանց նպատակների, այնպես էլ վերականգնման գործընթացի վերաբերյալ։

Ի պատասխան Վրաստանի պատրիարքարանի հայտարարության՝ ադրբեջանական կողմը նշել էր, որ անընդունելի է երկրի տարածքում գտնվող աշխարհագրական և պատմական տեղանուններն այլ անվանումներով հիշատակելը։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության համաձայն՝ երկրի տարածքում գտնվող բոլոր պատմական, մշակութային և կրոնական հուշարձանները «ադրբեջանցի ժողովրդի և պետության ազգային ժառանգության մաս են»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *