
Շրի Լանկայի միջազգային օդանավակայանում ոստիկանությունը ձերբակալել է բուդդայական վանականների, որոնք տեղափոխում էին ավելի քան 110 կգ թմրանյութ։ Արգելված նյութերի առգրավումը օդանավակայանի պատմության մեջ ամենախոշորն է։ Daily Mirror-ի տվյալներով՝ առգրավված նյութերի ընդհանուր արժեքը գնահատվում է 1.1 միլիարդ ռուփի (մոտ11.6 միլիոն դոլար)։
22 վանականները վերադառնում էին Թաիլանդում անցկացրած արձակուրդից: Լրատվամիջոցի աղբյուրների հաղորդմամբ՝ նրանցից յուրաքանչյուրն իր ճամպրուկում տեղափոխում էր մոտ հինգ կիլոգրամ թմրամիջոց։
Հետաքննությունը պարզել է, որ գործողությունը համակարգել են երեք վանականներ: Խմբի մնացած 19 անդամները հավաքագրվել են սոցկայքի միջոցով։ Նախնական հաղորդագրությունների համաձայն՝ երիտասարդ վանականներին գայթակղել են անվճար ավիատոմսերի, կացարանի և սննդի խոստումներով: Նրանց ասել են, որ դպրոցականների համար տեղափոխելու են «ուսումնական նյութեր և քաղցրավենիք»:
Ըստ Daily Mirror-ի, ոստիկանության թմրանյութերի դեմ պայքարի բյուրոն ձերբակալել է նաև ենթադրյալ կազմակերպչին։