Նոր Սահմանադրության նախագիծը վերաբաշխում է իշխանության երեք ճյուղերի լիազորությունները, փոխում ընդդիմության դերակատարումը, նոր կարգավորումներ առաջարկում դատական համակարգի համար և սահմանափակում արտերկրում բնակվողների ընտրական իրավունքը։ Նախագծի առաջին քննադատություններին անդրադարձել են իրավական և ուժային կառույցների ղեկավարները՝ ներկայացնելով փոփոխությունների տրամաբանությունը։
Խորհրդարանում «քննարկված ու քվեարկված» նոր Սահմանադրության նախագիծը հրապարակումից հետո արդեն երկու օր է՝ հանրային քննարկումների կենտրոնում է։ Ամենաքննարկվածը նախաբանն է, որտեղ հղում չկա Անկախության հռչակագրին։ Հանրապետության հիմնադիր է նշվում Հայաստանի Հանրապետության ժողովուրդը։ Ընդդիմությունը քննադատում է «հայ ժողովուրդ» ձևակերպումը «Հայաստանի ժողովուրդ» դարձնելու նախաձեռնությունը։ Մինչդեռ Գալյանի խոսքով՝ առաջին անգամ հստակ սահմանվում է պետության հիմնադիրը և պետական շահը։
«Որովհետև առաջին անգամ ֆիքսվում է, որ ժողովուրդն է Հայաստանի Հանրապետության տերը, հիմնադիրը։ Առաջին անգամ սահմանվում է, թե ով է ժողովուրդը, և ինչ նպատակներով է ժողովուրդը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ամբողջությունը, հիմնադրում Հայաստանի Հանրապետությունը։ Սահմանվում է, որ այդ նպատակների իրագործումը պետական շահ է»։
Քննադատների մի մասը նախագիծը համարում է «սուպերվարչապետական», մյուսը՝ «սուպերխորհրդարանական»։ Առաջինների մտահոգությունը վարչապետի՝ զինված ուժերում ընդլայնվող դերն է․ գործող Սահմանադրությամբ նա գերագույն հրամանատար է պատերազմի ժամանակ, նախագծով՝ ղեկավարման ողջ ընթացքում։ Մյուսները վիճարկում են զինված ուժերի կիրառման դեպքերի շրջանակը։ Նախարարը հակադարձում է՝ անհետաձգելի իրավիճակներում վարչապետի այդ լիազորությունն այսօր էլ կա, իսկ նոր նախագծով որոշումների հետագա վերահսկողություն է ավելացվում։
«Երբ այդ կիրառման դեպքն անհետաձգելի է, որպես սենսացիա ներկայացվում էր այն, որ կիրառելու իրավունք տրվում է վարչապետին, այնինչ այսօր էլ այդ իրավունքը պատկանում է վարչապետին։ Ավելին, մենք այդ որոշման հետագա վիճարկման հնարավորություն ենք նախատեսել, որը գործող Սահմանադրությամբ չկա»։
Ազգային ժողովը կկարողանա խորհրդատվական եզրակացություն տալ նախարարների, փոխվարչապետների և դեսպանների նշանակման վերաբերյալ։ Ընդլայնվում է նաև ընդդիմության մասնակցությունը․ այն մեկ թեկնածու կառաջադրի Բարձրագույն դատական խորհրդի տասը անդամներից, ինչպես նաև նորաստեղծ Դատախազների խորհրդի տասը անդամներից մեկին։
Նախագծով վերացվում է կայուն մեծամասնության դրույթը։ Գործող կարգավորմամբ՝ եթե ընտրություններից հետո կայուն մեծամասնություն չի ձևավորվում, անցկացվում է երկրորդ փուլ՝ առավելագույն ձայներ ստացած երկու ուժերի մասնակցությամբ։ Նոր առաջարկով ընդդիմությունը, անկախ ընտրությունների արդյունքներից, պետք է ունենա խորհրդարանի առնվազն մեկ երրորդը։
«Անկախ ձայների բաշխվածությունից՝ ընդդիմությունը պետք է ունենա այնքան լրացուցիչ մանդատ, որ, օրինակ, եթե որևէ կուսակցություն հատի երկու երրորդի շեմը, ընդդիմությունը պետք է ունենա այնքան լրացուցիչ մանդատ, որպեսզի մեկ երրորդը դառնա խորհրդարանի»։
Դատական համակարգում ևս էական փոփոխություններ են նախատեսվում։ Բարձրագույն դատական խորհրդի բոլոր տասը անդամներին ընտրելու է Ազգային ժողովը, մինչդեռ գործող կարգավորմամբ նրանցից հինգին ընտրում է դատավորների ընդհանուր ժողովը։ Դատախազների նոր խորհուրդը զբաղվելու է նաև դատախազների նշանակման, առաջխաղացման և կարգապահական պատասխանատվության հարցերով։
Նախագծով՝ հինգ տարում մեկանգամյա վերագնահատում կանցնեն բոլոր գործող դատավորները, բացի Սահմանադրական դատարանի դատավորներից։ Ազգային ժողովի ընտրած հինգ անդամից բաղկացած հանձնաժողովը ստուգելու է նրանց բարեվարքությունը, մասնագիտական կարողություններն ու գույքային դրությունը։
Հանձնաժողովի անդամների ընտրության կարգի վերաբերյալ Գալյանը վստահեցնում է՝ նրանց անկախությունն ու անաչառությունը կասկածի տակ չպետք է դրվեն։
«Ազգային ժողովն է ընտրելու, և լավագույն ընտրությունը, կարծում եմ, այդ հնարավորությունը Ազգային ժողովին պատվիրակելն է, որովհետև Ազգային ժողովում առաջնային մանդատով օժտված պատգամավորներն են, այսինքն՝ ներկայացուցչական մարմին է»։
Վիճահարույց հաջորդ փոփոխությունը վերաբերում է արտերկրում բնակվող քաղաքացիների ընտրական իրավունքին։ Գործող Սահմանադրությամբ 18 տարին լրացած բոլոր քաղաքացիներն ունեն ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու իրավունք։ Նախագծով՝ քվեարկությանը նախորդող երկու տարվա ընթացքում առնվազն մեկ տարի պետք է մշտապես բնակված լինեն Հայաստանում։
«Կարող է ստեղծվել այնպիսի իրավիճակ, որ Հայաստանի Հանրապետության հետ կենսականորեն չկապված մեր քաղաքացիները որոշեն մեր երկրի ճակատագիրը և այնուհետև հեռանան օտար երկրներ՝ շարունակելու իրենց գործունեությունը»։
Ամենաքննարկվող դրույթներից է նաև քաղաքացիությունից զրկելու հնարավորությունը։ Գործող Սահմանադրությունն արգելում է զրկել ՀՀ քաղաքացիությունից, իսկ առաջարկված նախագծով դա հնարավոր է դառնում դատարանի որոշմամբ։
«Խոսքը հաստատված դեպքով կոնկրետ բնույթի՝ պետության անվտանգության դեմ կամ սահմանադրական կարգի հիմունքների դեմ հանցագործություն կատարած լինելու մասին է, և սա բոլորովին իրավաչափ է»։
Քաղաքացիությունից զրկված, բայց այլ երկրի քաղաքացիություն չունեցող անձանց նախատեսվում է տրամադրել միջազգային կոնվենցիաներով սահմանված բաց կապույտ անձնագրեր։
armradio.am